Նշվեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը
Հունիսի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:
Բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
Հայր Շահեն, անդրադառնալով տոնի խորհրդին, իր քարոզում մասնավորաբար ասաց. «Սիրելի հավատացյալներ այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնակարգի համաձայն հիշատակում ենք Կաթողիկե Սուրբ էջմիածնի օրը: Կարևոր, հիշարժան ու նվիրական օր է և Եկեղեցին հավատացյալներին ուղղակիորեն հիշեցնում է, որ այստեղ՝ Արարատյան դաշտի այս փոքրիկ, բայց նվիրական կտորում, տեր Հիսուս իջավ, ցույց տվեց Մայր Տաճարի՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի կառուցման տեղը, և դրանով իսկ նվիրագործեց ու հաստատեց այն մեծ գաղափարը, որ մենք այսօր՝ տասնյոթ դար հետո, սովոր ենք անվանել «Էջմիածին»»:
Անդրադարձ կատարելով օրվա ավետարանական ընթերցվածքին՝ Հոգեշնորհ Հայր Սուրբը նշեց, որ ինչպես հրեաները տաճարի նավակատիքի տոնին կարծում էին, որ տաճարը իրենց ռազմավարական մտքի արդյունքն է՝ անտեսելով նրա Աստծու կողմից իր ժողովրդին պարգև լինելու փաստը, այնպես էլ մեր պատմության մեջ շատ մեծ և փոքր մարդիկ Կաթողիկե Սուրբ Էջմիածինը համարել են զուտ ճարտարապետության հրաշք, անձեռակերտ հոգևոր-մշակութային կոթող: Սակայն Կաթողիկե Սուրբ Էջմիածինը հայ ազգի հավիտենական կյանքի խտացումն ու բյուրեղացումն է: Այն ոչ միայն քար է, ոչ միայն գեղեցիկ մտածված ճարտարապետական կոթող է, ոչ միայն տարածք է և հոգևորականաց դասը, այլ նախ և առաջ մեր հոգևոր հայրենիքի խտացումն է:
««Ես տալիս եմ նրանց հավիտենական կյանք» (հմմտ․Հովհ․10․28):
Այսօր էլ Քրիստոսի այս խոսքերը Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հնչում են մեր ականջներում: Սուրբ Էջմիածինը մեր բոլորի հոգևոր հայրենիքն է, ադամանդյա խտացումն այն բոլոր նվիրական արժեքների, որ մենք ունենք: Հոգևորականները՝ եպիսկոպոսից մինչև սարկավագ, Կաթողիկոսից մինչև դպիր, ուխտում են ծառայել Սուրբ Էջմիածնի վեհ գաղափարին: Հավատացյալները՝ Սփյուռքից և թե Հայաստանից իրենց կյանքի վեհ նպատակն են համարում գալ և աղոթել Սուրբ Էջմիածնի պատերի տակ: Այս բոլորն այսօր մեզ հանձնված հավիտենական կյանքն է»- հաստատեց Հայր Շահեն` խոսելով նաև Սուրբ Էջմիածնի՝ հայ ժողովրդի կյանքում ունեցած դերակատարության մասին:
Վերջում Հայր Սուրբը հորդորեց հավատացյալներին միանալ Սուրբ Էջմիածնի պայծառության, նրա գահակալի և հոգևորականաց դասի անսասանության համար վերառաքվող աղոթքին՝ հայցելով Տիրոջից, որ անշարժ պահի հայոց հավիտենականության խորհրդանիշ Մայր Աթոռը:
Սուրբ Պատարագի ավարտին, Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի հանդիսապետությամբ, կատարվեց Սուրբ Էջմիածնի մաղթանք:
Ներկա հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականներն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շենացման, անսասանության և հայոց կյանքում իր սրբազան առաքելության հարատևության համար: