Նահատակ գրող Ռուբեն Սևակի ծննդյան տարեդարձը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Սրբազնագույն Կաթողիկոսի օրհնությամբ և մասնավոր հոգածությամբ, փետրվարի 15-ին, Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում նշվեց նահատակ գրող Ռուբեն Սևակի ծննդյան տարեդարձը:
Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը հրավիրյալներին ներկայացրեց նկարիչ Սարգիս Մուրադյանի վրձնած՝ «Գողգոթա հայ մտավորականների» կտավը (1975-1988 թթ.), որը նկարչի ընտանիքի կողմից, ընդառաջ Մայր Աթոռի Թանգարանների տնօրենության, ժամանակավոր ցուցադրության է տրամադրվել Սուրբ Էջմիածնին: Այդ առիթով իրենց խոսքն ասացին նաև նկարչի դուստր Զարուհի Մուրադյանը և արվեստաբան Լիլիթ Սարգսյանը:
Ցուցահանդեսի բացումից հետո տոնակատարությունը շարունակվեց ծովանկարիչների սրահում: Օրհնության խոսք ասաց Մայր Աթոռի Լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ անդրադառնալով օրվա խորհրդին և փոխանցելով ներկաներին Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի սերն ու օրհնությունը:
Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ Ռուբեն Սևակի թանգարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Սևակ քահանա Սարիբեկյանը:
Սևակյան բանաստեղծություններից մի փունջ ներկայացրեցին Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհիները:
Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն էլ խոսեց Ռուբեն Սևակի կյանքի և գրական ժառանգության մասին:
Հանդիսությունն ավարտվեց բեթհովենյան երաժշտությամբ: Իրենց շնորհալի կատարումներով ելույթ ունեցան՝Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոնցերտմայստեր Ելենա Վարդազարյանը (դաշնամուր) և Ռազմիկ Հովհաննիսյանը (ջութակ), մեներգիչներ՝ Լուսինե Մակարյանը (սոպրանո), Վարդուհի Թորոյանը (սոպրանո) և Հովհաննես Անդրեասյանը (տենոր):
Հայտագրի երաժշտական բաժնում հնչեց նաև Ռուբեն Սևակի բանաստեղծության հիման վրա գրված Դանիել Երաժշտի վոկալ ստեղծագործությունը:
Խունկ և աղոթք և օրհնություն Ռուբեն Սևակի լույս հիշատակին: