Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցներին
Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին՝ նախագահությամբ Բժշկական գիտությունների դոկտոր, մեծարգո Տիար Արմեն Չարչյանի:
Սիրելիներ, Մեզ համար գոհունակություն է, որ Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում գործունություն ծավալող հայ բժիշկներդ վերստին համախմբվել եք քաղաքամայր Երևանում՝ քննարկելու առողջապահական ասպարեզի խնդիրներն ու նոր մարտահրավերները, միմյանց հետ կիսվելու ձեր փորձառությամբ ու ձեռքբերումներով, նաև ձեր ջանքերը մեկտեղելու՝ ի նպաստ մեր երկրում առողջապահության ոլորտի զարգացման ու մեր ժողովրդի բարօրության:
Ծանր, բայց պատվավոր ու աստվածահաճո առաքելություն է բժշկի գործունեությունը: Դուք բարի ծառայությամբ օգնում եք առողջական դժվարությունների մեջ գտնվող անձանց՝ զորացնելու հույսն ու լավատեսությունը, վերագտնելու իրենց առողջությունը և հոգու խաղաղությունը, բարձրացնելու կյանքի որակը:
Բժշկությունը, այո, ձեռքի ու մտքի կարողություն է, բայց նաև Տիրոջ շնորհ ու օրհնություն՝ խնամելու աստվածաշնորհ կյանքը և մարդկանց մատուցելու բարի հոգատարություն: Աստված մարդուն ստեղծեց հոգու և մարմնի կատարյալ առողջությամբ՝ որպես պսակը արարչագործության: Աստվածային այս շնորհը պահպանելու հավատամքով Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին մշտապես զորակցել է հայ բժշկագիտության զարգացմանը, հաճախ նաև հիմնել հիվանդանոցներ ու խնամատար հաստատություններ՝ սպասավորելով իր կարիքավոր զավակներին: Մեր վանքերի հարկի ներքո են ստեղծվել ու հոգևոր գրականության հետ միասին առանձնակի կարևորությամբ դարեր շարունակ պահպանվել բժշկագիտական բազմաթիվ աշխատություններ, որոնք այսօր էլ առատ նյութ են պարունակում մասնագիտական ուսումնասիրությունների համար:
Սիրելիներ, գնահատելի է, որ շնորհիվ մեր բժիշկների հմուտ գիտելիքների ու նվիրյալ աշխատանքի՝ Հայաստանում վերջին տարիներին առողջապական ոլորտը արձանագրում է նշանակալի հաջողություններ՝ ձգտելով հայկական ու համաշխարհային բժշկագիտության ձեռքբերումները առավելագույնս հասանելի դարձնել մեր ժողովրդի զավակներին:
Մենք ողջունում ենք Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի կազմակերպումը՝ մաղթելով, որ ձեր աշխատանքը բազում արդյունքներով արգասավորվի հանուն մեր երկրի առաջընթացի ու մեր ժողովրդի բարօրության:
Աղոթում ենք, որ Տերը առատապես օրհնի ձեզ և նորանոր հաջողություններ պարգևի ձեր գործունեության մեջ:
«Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ընդ ձեզ ամենեսեան»: