Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և Խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և Խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով 09.05.2018

Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի օրերի առիթով Հայրապետական Մեր օրնությունն ու շնորհավորանքն ենք հղում համայն մեր ժողովրդին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս։
Նվիրական է այս օրը մեր ժողովրդի համար, որ հերոսաբար իր ավանդն է բերել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի կերտմանը՝ հանուն աշխարհում խաղաղության և ժողովուրդների ազատ ու առաջադեմ կյանքի։ Հայրենանվեր նույն ոգով մեր ժողովուրդն ազատագրեց Շուշին՝ հաղթական նոր էջ հավելելով ազգային մեր պատմության մեջ։ Այսօր մենք հանդիսավորապես նշում ենք նաև Պաշտպանության բանակի օրը, որն աննկուն ու քաջաբար պահպանում է Արցախի անվտանգությունն ու խաղաղությունը։

Գոհություն Տիրոջը, որ մեր ժողովրդի զավակները լի են վճռականությամբ ու նախանձախնդրությամբ հայրենիքի սահմանները պաշտպանելու և նորանոր իրագործումներով կերտելու լուսավոր ու պայծառ գալիքը ազգի և հայրենյաց:

Սուրբ Էջմիածնի կամարների ներքո Մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալ Տերը, որ խաղաղ լինի հայոց երկինքը և անվտանգ ու անխռով ապրի մեր ողջ ժողովուրդը։ Թող Տերը ամուր պահի հայրենի մեր պետականությունը, օրհնի և զորակից լինի մեր ժողովրդին այսօր և հավիտյանս. ամեն:
Օրհնությամբ`

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ