Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը գիտելիքի օրվա առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը գիտելիքի օրվա առիթով 01.09.2017

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ԲՈՒՀ-երի և դպրոցների պատասխանատուներին, դասախոսներին և մանկավարժներին, ուսանող և դպրոցական Մեր զավակներին՝ Գիտելիքի, գրի, դպրության օրվա և նոր ուսումնական տարվա առիթով:

Սքանչելի և մեծ խորհուրդ ունի գիտելիքին ու դպրությանը նվիրված օրը: Մեր ժողովուրդը դարերի մեջ, անգամ աղետալի ժամանակներում, արժևորել է ուսումը, վառ պահել իմացության սերը և իր կրթօջախների լույսը: Արդարև, ուսյալ և կիրթ հասարակությունն է ընդունակ բարեփոխել կյանքը, բարվոք վճիռներ գտնել իր առջև կանգնած խնդիրներին և իրականություն դարձնել առաջընթացի իր տեսիլքները:

Մաղթում ենք, որ այսօր մեր ուսումնական հաստատությունները հայրենիքում և սփյուռքում օրեցօր զորանան և առավել արդյունավորեն իրենց առաքելությունը՝ կրթելով մեր զավակներին համակողմանի իմացությամբ, հավատավոր ու հայրենասեր հոգով, որպեսզի կարող լինեն նորարարությունների, ստեղծագործական սլացքների և շարունակեն քրիստոնյա մեր ժողովրդի ներկայությունը աշխարհում, որ թեպետ փոքրաթիվ, բայց իր ստեղծածով միշտ համեմատվել է մեծերի հետ:

Մեր գնահատանքն ենք բերում կրթության գործի պատասխանատուներին, դասախոսներին ու մանկավարժներին՝ բարեջան ու նախանձախնդիր գործունեության համար: Հայրական հորդոր ենք բերում Մեր զավակներին, որ սիրեն ուսումը, լինեն ուշիմ ու ջանադիր, չթերանան իրենց պարտականություններում, որ ամուր հիմքերով սկզբնավորվի իրենց կյանքի ուղին, որն ապագան է մեր հայրենիքի ու ժողովրդի:

Աղոթք ենք բարձրացնում, որ Աստված օրհնի ջանքերը կրթության նվիրյալների և քաջարթուն միտք ու հոգի շնորհի մեր զավակներին: Օրհնյալ ուսումնական տարի, առատ արդյունքներ ու բարի վաստակ: Ամեն:

Օրհնությամբ՝
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ