Մրցանակաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հոկտեմբերի 1-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Վեհարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ եւ մասնակցությամբ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի տեղի ունեցավ հանրակրթական դպրոցների ուսուցիչների մրցանակաբաշխություն: Արդեն երկրորդ տարին է, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանավորությամբ ՀՀ ԿԳ նախարարության Հայաստանում անցկացվում է հանրակրթական դպրոցների ուսուցիչների մրցույթ, որի հաղթողներին Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը հանձնում է վկայականներ եւ դրամական պարգեւներ:
Մրցանակաբաշխության արարողությունն այս տարի բացվեց Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նորանշանակ տնօրեն Տ. Ղուկաս աբեղա Զաքարյանի ողջույնի խոսքով: «Ուսուցչի աշխատանքը ծանր է եւ միեւնույն ժամանակ քաղցր: Այն ինչ ժամանակին արեց Աստվածորդին` իր աշակերտներին կարգելով նաեւ ուսուցիչներ, այսօր այդ առաքելությունը շարունակում է Հայոց Եկեղեցին` մշտապես իր ուշադրության կենտրոնում պահելով հայ մանուկների կրթությունը եւ գիտության զարգացումը», - ասաց Հայր Սուրբն իր խոսքում:
Վեհարանի հանդիսությունների դահլիճում հավաքված հանրակրթական դպրոցների ուսուցիչներին բարեհաջող ուսումնական տարի մաղթեց նաեւ Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը: «...Ավանդույթ են դառնում այս հանդիսությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Խորհուրդը հենց սա է, որ Վեհափառ Տիրոջ հովանավորությամբ Մայր Աթոռը գնահատում է դպրոցը, կրթության մշակին, գնահատում է մանկավարժին: Եւ այդ նախաձեռնությունը, որ ցուցաբերվեց Մայր Աթոռի կողմից` մրցանակներ սահմանել ուսուցչի աշխատանքը գնահատելու համար, սա արդեն, երեւի թե այդ ամենի գագաթնակետն էր:
...Մենք հավաքվել ենք այսօր ոչ միայն արդյունքներն ամփոփելու համար, այլեւ խորհելու ուսուցչի մասնագիտության, կոչման մասին: Իսկ այդ կոչումն արժանի է ամենամեծ գնահատանքին ու հարգանքին»,- նշեց պրն. Երիցյանը: ԿԳ նախարարը, անդրադառնալով ուսուցչի պատասխանատու եւ դժվարին առաքելությանը, վստահություն հայտնեց, որ արժանանալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ամենապատվավոր մրցանակներին եւ ստանալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, ուսուցիչներն առավել նախանձախնդրությամբ կկատարեն իրենց աշխատանքը:
Հանդիսության ընթացքում հայտարարվեցին մրցույթի վերջնական արդյունքները եւ 44 ուսուցիչներ Ամենայն Հայոց Հայրապետից եւ ԿԳ նախարարից ստացան վկայականներ եւ դրամական պարգեւներ:
Խրախուսական մրցանակների հանձնումից հետո ներկաներին իր օրհնությունն ու գնահատանքի խոսքն ուղղեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Արդարեւ, կանգնած թարգմանչաց նվիրական խորհրդի առջեւ մենք պիտի անդրադառնանք եւ գիտակցենք, որ դպրոցում որքան որ կարեւորություն պիտի ընծայենք գիտելիքի փոխանցման, նույնքան կարեւորությամբ աշխատանք պիտի ներդնենք հայորդու բարոյական անձի կերտման գործին, նրա հայաշունչ ոգու եւ քրիստոնեական բարոյական նկարագրի կերտման գործին, որպեսզի երաշխավորված լինի մեր կյանքը նոր ժամանակների մեջ, որպեսզի մեր ներկան լինի ապահով ու զորեղ, եւ մենք հաստատուն քայլերով ընթանանք առաջ դեպի անհայտ ժամանակները մեր կյանքի եւ ապագայի», - մասնավորաբար նշեց Նորին Սրբությունը: Նորին Սրբությունը նաեւ իր գնահատանքը բերեց ԿԳ նախարարին եւ նախարարության պաշտոնեությանը սերտ համագործակցության եւ Եկեղեցուն զորակցության ու մատուցած ծառայության համար` կոչելով բարի իրագործումներով խանդավառել ու ոգեւորել կրթության եւ գիտության հայ մշակներին, որպեսզի նրանք նախանձախնդրորեն լծվեն հայ պատանու ու մանկան կրթության սրբազան գործին: Վեհափառ Հայրապետը, բերելով իր օրհնությունն ուսուցիչներին, մաղթեց, որ Աստված պահպանի իրենց քաջառողջ եւ երջանիկ` իրականություն դարձնելով իրենց բոլոր բարի իղձերը, որ նպատակաուղղված են Հայրենիքի շինությանը եւ ժողովրդի բարօր կյանքին: