Միասնական աղոթք Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում՝ Սուրբ Երկրում խաղաղության եւ հաշտության հաստատման համար
Ապրիլի 12-ին, երեկոյան Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տեղի ունեցած «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանի շնորհանդեսից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարի Իջման Սբ. Սեղանի առջեւ տեղի ունեցավ միասնական աղոթք՝ աշխարհում եւ մասնավորաբար Սուրբ Երկրում խաղաղության եւ հաշտության հաստատման համար։
Մայր Աթոռի միաբան հայրերը եւ բազմաթիվ ներկաներ Վեհափառ Հայրապետի հետ մեկտեղ աղոթք բարձրացրեցին առ Աստված, հայցելով, որպեսզի ամենողորմ Տերը ապահով ու անվտանգ պահի Սուրբ Երկիրը եւ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը իր միաբանությամբ հանդերձ՝ խաղաղություն եւ շուտափույթ հաշտություն պարգեւելով Տերունական վայրերում բնակվող ժողովուրդներին։
Վեհափառ Հայրապետը նաեւ տեղեկացրեց ներկաներին, որ օրերս Բեթղեհեմում վիրավորված ուրարակիր Արմեն Սինանյանի առողջական վիճակին այլեւս վտանգ չի սպառնում եւ առաջիկա 10 օրերի ընթացքում նա դուրս կգա հիվանդանոցից։
Այսօր Վեհափառ Հայրապետը առանձին հանդիպում ունեցավ նաեւ Ա. Սինանյանի ծնողների հետ։