Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հուլիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտներին՝ ուղեկցությամբ ազգային բարերար տիար Սարգիս Պետոյանի:
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ համավարակի պատճառով հայկական երկու վարժարանների սաների ընդհատված ամենամյա այցելությունները հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին վերականգնվել են՝ արձանագրելով, որ դրանք նպաստում են հայրենաճանաչությանը և հայրենի իրականությանը հաղորդ դառնալուն:
Հետաքրքրվելով վարժարանների սաների ուսումնառությամբ` Նորին Սրբությունը հորդորեց հայորդիներին, այցելության շրջանակներում ստացած տպավորություններով խանդավառված, ջանասիրությամբ շարունակել ուսումը և դառնալ արժանավոր զավակները իրենց ժողովրդի ՝ բարձր պահելով հայի անունն ու պատիվը Ֆրանսիայի մեջ:
Հայոց Հովվապետը սաներին պատգամեց նաև զորացնել իրենց կապը Եկեղեցու հետ և մշտապես հաղորդ լինել ազգային արժեքներին, որպեսզի կարողանան անխաթար պահպանել իրենց ինքնությունը:
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց բարերարին, վարժարանների տնօրեններին, ուսուցչական անձնակազմին և հոգաբարձուներին՝ Հայաստան և Մայր Աթոռ այցելությունների կազմակերպման համար:
Իրենց հերթին աշակերտները հանդես եկան երաժշտական կատարմամբ և ասմունքով` հաճելի անակնկալ մատուցելով Վեհափառ Հայրապետին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով իր օրհնությունը բաշխեց ֆրանսահայ աշակերտներին: