Մայր Տաճարում Ուխտի պատարագ մատուցեց եւ քահանայական ձեռնադրություն կատարեց Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանը
Կիրակի, մայիսի 18-ին, Երեւման Սբ. Խաչի տոնին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, մատուցվեց հերթական Ուխտի պատարագը: Մայր Տաճարի օծման 1700-ամյակի տոնակատարությունների ծիրից ներս այս անգամ եկեղեցականաց դասի առաջնորդությամբ Սուրբ Էջմիածին էր եկել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի ուխտապահ ժողովուրդը: Օրվա պատարագիչն էր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանը:
«Սբ. Էջմիածնի խորհուրդը մեր հոգում ու մտքում վառ պահելու գիտակցությամբ, մեր նախնյաց ավանդությանը հավատարիմ, այսօր մենք եւս ուխտի ենք եկել` վերստին վերանորոգելու եւ վերաիմաստավորելու համար մեր անցյալն ու ներկան: Մեր աղոթքն է, որ շարունակենք հավատարիմ մնալ Առաքելական մեր մայր Եկեղեցուն, շարունակենք պահել մեր հոգեւոր միասնությունը եւ տեղի չտանք ազգակործան մոլուցքով կուրացած օտարածին ու այլադավան կրոնական ու քաղաքական շարժումներին»,- ասաց Սրբազան Հայրը:
Օրը հիշարժան էր նաեւ նրանով, որ հընթացս Ս. Պատարագի կատարվեց 5 սարկավագների քահանայական ձեռնադրություն եւ օծում: Ձեռնադրող Սրբազան Հայրը մեկառմեկ օծեց ընծայացուների ճակատները, աջ եւ ձախ ձեռքերի ափերը` նոր անուններով կոչելով նրանց. Սարգիս սրկ. Կնյազյանը վերակոչվեց Տ. Խաչատուր քահանա, Արմեն սրկ. Պետրոսյանը` Տ. Նշան քահանա, Արամ սրկ. Ղեւոնդյանը` Տ. Շմավոն քահանա, Լեւոն սրկ. Աղոսյանը` Տ. Կիրակոս քահանա, Հակոբ սրկ. Հովհաննիսյանը` Տ. Գրիգոր քահանա: Սեպուհ Սրբազանն իր քարոզում հորդորեց նորընծաներին լծվել ծառայասիրության եւ անմնացորդ նվիրումով ու սրբությամբ կրել Հիսուս Քրիստոսի քաղցր լուծը:
Նույն օրը, երեկոյան ժամերգության ընթացքում կատարվեց Տ. Խաչատուր եւ Տ. Նշան նորաօծ քահանաների վեղարի տվչության եւ աբեղայի օրհնության կարգը: