Մայր Տաճարում Ուխտի պատարագ մատուցեց Անգլիայի թեմի առաջնորդ Տ. Նաթան եպս. Հովհաննիսյանը

Մայր Տաճարում Ուխտի պատարագ մատուցեց Անգլիայի թեմի առաջնորդ Տ. Նաթան եպս. Հովհաննիսյանը 09.06.2003

Հունիսի 8-ին, հոգեգալստյան տոնի օրը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց հերթական Ուխտի պատարագը: Մայր Տաճարի օծման 1700-ամյակի տոնակատարությունների ծիրից ներս այս անգամ իր թեմականների հետ Սուրբ Էջմիածին էր եկել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Անգլիայի հայոց թեմի առաջնորդ ու օրվա պատարագիչ Գերաշնորհ Տ. Նաթան եպս. Հովհաննիսյանը` արտահայտելու իր սերն ու հավատարմությունը` հանդեպ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«17 դարեր շարունակ ամեն հայորդի գալիս է աստվածակառույց այս կամարների տակ իր հայրերի աղոթքը կրկնելու եւ նրանց տեսիլքը կիսելու, 17 դարեր շարունակ հայ հավատացյալն այս Սուրբ Խորանից է հաղորդվում Փրկչի սուրբ արյանն ու մարմնին, բարձրացող խնկի ու մոմի աղերսող լույսի հետ իր աղոթքը վերառաքում առ Աստված, 17 դարեր շարունակ Միածին Որդու Իջման այս սուրբ տեղում եւ Իջման Սուրբ Խորանին լուսավորչավառ կանթեղը անդադար վառված է մնում, Քրիստոսակոխ այս սրբավայրի առջեւ ամեն մի հայորդի ծունկի է գալիս` նորոգելու իր ուխտը եւ գոհություն մատուցելու Ամենակալին, քանզի այստեղից է փրկության լույսը ծագել Հայաստան աշխարհում»,- ասաց Սրբազան Հայրն իր քարոզում:

Հանուն Նորին Սրբության եւ Մայր Աթոռի միաբանության ուխտավորներին ողջունեց նաեւ Ներսես արք. Պոզապալյանը:

Հավարտ Սբ. Պատարագի ուխտավորներին Վեհարանում ընդունեց Նորին Սրբությունը: