Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն
Հոկտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ շնորհվեցին Մայր Աթոռ Աթոռ Սուրբ Էջմիածնի Վերստուգիչ հանձնախմբի անդամներ տիար Խաչատուր Մութաֆյանին և տիար Լյուդվիգ Հարոյանին, իսկ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանին արժանացավ Կաթողիկոսական գրասենյակի պատասխանատու քարտուղար օրիորդ Անահիտ Անտոնյանը՝ ի գնահատություն Հայ Եկեղեցուն մատուցած երկարամյա, նվիրյալ և օգտաշատ ծառայությունների:
Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեց Խաչատուր Մութաֆյանին ուղղված Հայրապետական կոնդակը, որում մասնավորաբար ասված է. «Բարձրորեն գնահատում ենք Ձեր ազնվությունը, որ Դուք, Մեր հրավերին ընդառաջ՝ Ձեր հմտություններն ու կարողությունները շուրջ երկու տասնամյակ սիրով ի սպաս եք բերում նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շինությանն ու պայծառությանը՝ որպես անդամ Մայր Աթոռի Վերստուգիչ հանձնախմբի: Ձեր ծառայության ընթացքին Մենք ականատես ենք եղել աշխատանքի հանդեպ ունեցած Ձեր պահանջկոտ ու բծախնդիր վերաբերմունքին, որը հաջողություններ է ապահովել Մայր Աթոռի արդյունավոր գործունեության համար»:
Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրեց տիար Լյուդվիգ Հարոյանին շնորհված Հայրապետական կոնդակը, որում ի մասնավորի արձանագրված է. «Գոհունակությամբ ենք անդրադառնում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն մատուցած Ձեր ծառայություններին: Իբրև անդամ Մայր Աթոռի Վերստուգիչ հանձնախմբի՝ Ձեր հարուստ փորձառությամբ ու կարողություններով Դուք գնահատարժան օգտակարություն եք բերում Սուրբ Էջմիածնին: Նախընթաց տասնամյակներին Մենք գոհունակությամբ ականատես ենք եղել Ձեր եկեղեցասիրությանն ու նախանձախնդիր և նվիրյալ գործունեությանը: Ի գնահատություն ազգօգուտ և եկեղեցանվեր Ձեր երկարամյա գործունեության, սիրով ընդառաջ Վերստուգիչ հանձնախմբի Ատենապետ Գերաշնորհ Տ. Արարատ Եպիսկոպոս Գալթագճյանի խնդրանքին, Հայրապետական այսու Կոնդակով շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանը»:
Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն ընթերցեց օրիորդ Անահիտ Անտոնյանին ուղղված կոնդակը, որում նշված է. «Մեզ համար գոհունակություն է, որ մանկավարժական առաքելությանը զուգընթաց Դուք նաև պատասխանատու պաշտոններ ստանձնեցիք Արարատյան Հայրապետական Թեմում և ապա՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսական գրասենյակում, որդիական սիրով ու պատրաստակամությամբ Ձեր ձիրքերն ու մտավոր կարողություններն ի սպաս բերելով մեր Սուրբ Եկեղեցու առավել շինությանն ու պայծառությանը: Ամենօրյա Ձեր ծառայության մեջ Մենք գոհունակությամբ ականատես ենք պարտականությունների հանդեպ Ձեր բծախնդիր վերաբերմունքին, եռանդին ու ջանադրությանը»:
Կոնդակների ընթերցումից հետո Նորին Սրբությունը Հայ Եկեղեցու շքանշաններով զարդարեց մեծարյալների կուրծքը:
Հանդիսությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով։