Մայր Աթոռում սկսվեց «Հովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսը և նրա ժամանակը» գիտաժողովը
Դեկտեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի Կոմիտասյան սրահում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, իր աշխատանքը սկսեց «Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը և նրա ժամանակը» գիտաժողովը:
Ս. Հովհան Օձնեցի Կաթողիկոսի գահակալության 1300-ամյակին նվիրված գիտաժողովը կազմակերպվել է Գուգարաց թեմի, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի նախաձեռնությամբ:
Գիտաժողովն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը:
Այնուհետև ներկաներին իր պատգամն ու օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ողջունելով ամենքին երանելի Ս. Հովհաննես Օձնեցի Հայրապետին նվիրված գիտաժողովի գումարման առիթով: Նորին Սրբությունն ընդգծեց, որ գիտաժողովը ևս մեկ առիթ է գնահատելու Հովհաննես Օձնեցի սուրբ Հայրապետի վաստակը մեր Եկեղեցու և ժողովրդի պատմության մեջ, արժևորելու նրա հարուստ ժառանգությունը, քրիստոնեական հավատքի անաղարտության պահպանման համար նրա կողմից ներդրված նվիրական ջանքերը և իր ժողովրդին անկորուստ պահպանելու խնամքն ու հոգածությունը: Վեհափառ Հայրապետը սա նաև բազմաշնորհ Հայրապետի եկեղեցանվեր ու հայրենանվեր ոգով նորոգվելու առիթ նկատեց:
«Մեր ժողովուրդը սրբացրել է Հովհաննես Օձնեցի Կաթողիկոսին և իր երևելի հովվապետին մեծարել «Իմաստասեր» անվամբ։ Իմացության և գիտության հանդեպ սերը, ինչպես նաև առաքինությամբ և հոգևոր սխրանքներով լեցուն կյանքը լավագույնս նկարագրում են նրա կերպարը։ Նրա անձի մեջ ի մի են եկել քաջիմաց աստվածաբանի, շնորհաշատ քարոզչի ու հռետորի, խոհեմ առաջնորդի ու դիվանագետի հատկանիշները։ Նա հիշվում է որպես «երկրորդ Ոսկեբերան», Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալների, Գրիգոր Լուսավորչի գործը շարունակող մեծ իմաստասեր և նոր առաքյալ:
Երանաշնորհ Հայրապետը մեծ բարենորոգիչ էր: Մեր Եկեղեցու փառավոր էջերից է նրա ընդամենը տասնամյա գահակալությունը, որի ողջ ընթացքում Հովհաննես Օձնեցին հետևողական պայքար մղեց Հայաստանում քրիստոնեության անաղարտ պահպանման, մեր Եկեղեցու դավանանքն ու ծեսը տեսականորեն հիմնավորելու և այդ ծիրում մեր Եկեղեցու քրիստոսաբանական նկարագիրն ամբողջացնելու համար: Իր Ճառերով, ծիսական կանոններով և դրանց մեկնաբանությամբ, Կանոնագրքի կազմումով, անգամ անզուգական շարականներով ու հոգևոր երգերով, որ կրում են նրա աստվածաբանական մտքի դրոշմը և հավատքի երկնաթռիչ շունչը, Հովհաննես Օձնեցի Հայրապետը, ամենայն իրավամբ, համարվում է մեր ուղղափառ հավատքի հիմնասյուներից մեկը։
Հայկական պետականության բացակայության պայմաններում Հովհան Օձնեցին նաև խոհուն և քաջ առաջնորդ եղավ: Իր իմաստությամբ ու հոգևոր նկարագրով նա կարողացավ շահել արաբ խալիֆի վստահությունը և մեծ պատերազմներով լի ժամանակում իր ժողովրդին հեռու պահել նոր փորձություններից ու համախմբել մեր Եկեղեցու հովանու ներքո: Մեր ժողովրդի ապահովության, նրա հավատքի անսասանության և քրիստոնեական կյանքի ամրության համար մեծ Հայրապետի հոգածությունն ու արդյունավոր ջանքերը առ այսօր հիասքանչ օրինակ են մեզ և հետագա սերունդների համար։ Արդարև, այսօր էլ, երբ օրվա հրամայական է դիմագրավումը զանազան գաղափարախոսությունների, որոնք միտված են մեր Եկեղեցու դավանանքից, ծեսից իր զավակներին հեռացնելուն, ազգային միասնությունը քայքայելուն, Հովհաննես Օձնեցու գործունեությունը վերիմաստավորման և վերարժևորման մի նոր ու կարևոր խորհուրդ է ստանում:
Մեծագործ Հայրապետի 1300-ամյակը հրավեր է վառ պահելու նրա սուրբ հիշատակը և ավելի վառ` այն սերը, որով Հայոց հոգելույս Հայրապետը պայծառ է պահել Հայ Եկեղեցու լույսը և իր կյանքով ավելացրել պայծառությունը հոգևոր մեր տան: Սա է նրա մեծագույն պատգամը, հայրական հորդորն ու խրատը մեզ: Եվ չկա ավելի մեծ գնահատական նրա կյանքին ու գործին, քան մեր հավատարմությունը նրա թողած անգնահատելի ժառանգությանը և առաքելաշավիղ ընթացքին», - ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց գիտաժողովի կազմակերպիչներին և նախանձախնդրությամբ այս գիտաժողովին համախմբված բոլոր մասնակիցներին:
Բարձրյալի օրհնության հայցով Նորին Սրբությունն արդյունավոր ընթացք ու հաջողություններ մաղթեց գիտաժողովի աշխատանքներին:
Հայրապետական ողջույնից հետո սկսվեց գիտաժողովի լիագումար նիստը, որը նախագահեց Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:
Նիստին ներկայացվեցին Հովհան Օձնեցու ժամանակաշրջանին, կյանքին, գործունեությանը և մատենագրական վաստակին վերաբերող հետևյալ զեկուցումները՝ «Հովհաննես Օձնեցի. «Կանոնագիրք հայոց»-ի սոցիալ-փիլիսոփայական և կառավարչական հիմքերը» (ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյան և փ. գ. դ. Վալերի Միրզոյան), «Դամասկոսում Հովհան Օձնեցու կնքած «պայմանագրի» գնահատման հարցի շուրջ» (փ. գ. դ. Սեյրան Զաքարյան) և «ԺԴ տիտղոսների բյուզանդական Կանոնագրքի հայերեն թարգմանությունը և «Կանոնագիրք Հայոց»-ը» (պ. գ. դ. Ազատ Բոզոյան):
Լիագումար նիստից հետո զուգահեռաբար նիստեր տեղի ունեցան ճեմարանի Կոմիտասյան սրահում և Մատենադարանում:
Գիտաժողովի ավարտին տեղի կունենա նաև ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանի «Հայրապետական Աթոռին փառքը» գրքի շնորհանդեսը: