Մայր Աթոռում նշվեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը
Օգոստոսի 15-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս բերկրառատ օրվա առիթով, Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով տոնի խորհրդին, մասնավորապես նշեց. ,Երկու հազար տարի առաջ Աստվածամայրը մեզ չլքեց և չգնաց, այլ ապրում է մեր մեջ, ապրում է բոլոր մայրերի մեջ, և մենք անցյալով չենք խոսում Աստվածամոր մասին, որովհետև նա այսօր մեզ հետ էե:
Այնուհետև Սրբազան Հայրը, անդրադառնալով առաջին դարում տեղի ունեցած իրադարձություններին, խոսեց Սուրբ Աստվածածնի կերպարի և փրկագործության պատմության մեջ նրա ունեցած դերակատարության մասին, ինչպես նաև Վերափոխման տոնի խորհրդին՝ պատգամելով ներկաներին ապրել Վերափոխման խորհրդի իրականության մեջ՝ խնդրելով Սուրբ Կույսի բարեխոսությունը։
Եզնիկ Սրբազանը, հատուկ անդրադարձ կատարեց որդեկորույս մայրերին՝ վերջիններիս կրած ծանրագույն ցավերն ու վշտերը համեմատելով Աստվածամոր տառապանքների հետ․ ,Աստվածամոր նման բազմաթիվ մայրեր կան այսօր Հայաստանում, որոնք զավակներ կորցրեցին, որոնք ունեն այն նույն մայրական ցավը, ինչպիսին Աստվածամայրն ուներ, և որոնց համար Աստվածամայրն իբրև օրինակ կարող է լինել՝ դիմագրավելու այն ցավերին, որոնք այսօր ունեն իրենց հոգում և իրենց սրտում։
Այս մտածումներով մաղթենք, որ ամոքվեն վերքերը՝ հոգևոր վերքերը մեր բոլոր մայրերի, ովքեր որդեկորույս են այսօր, ամոքվեն վերքերն այն բոլոր կանանց, ովքեր իրենց ամուսիններին կորցրեցին և ամոքվեն վերքերն այն բոլոր երեխաների, ովքեր իրենց հայրերին կորցրեցին։ Թող Աստվածամայրը ձեր որդիների հետ լինի այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից․ Ամենե։
Վերջում Պատարագիչ Սրբազանը, աղոթք վերառաքելով առ Աստված, ևս մեկ անգամ հաստատեց, որ Աստվածամայրը կենդանի է, Նա մեզ հետ է։ Քրիստոս այս պահին գալիս է Աստվածամորը փոխադրելու։ Վաղը նույնպես Աստվածամայրը մեզ հետ է լինելու, բոլորիս սրտերում։
Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվեց Խաղողօրհնեքի արարողությունը:
Վերջում օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին հավատավոր ժողովրդին: