Մայր Աթոռում նշվեց Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնը
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը մեծ հանդիսավորությամբ նշեց հունիսի 3-ին: Բերկրառատ օրվա կապակցությամբ, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ:
Պատարագիչն էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և Արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Նաթան Սրբազանը, անդրադառնալով տոնի խորհրդին և Հայաստան աշխարհում քիստոնեության տարածմանը, իր քարոզում մասնավորաբար ասաց. «Սիրելի քույրեր և եղբայրներ, այսօր մեծ տոն է հայ ժողովրդի համար, այսօր մեծ տոն է հայ հավատացյալի հոգու համար, քանզի մենք ցնծությամբ տոնում ենք Մայր Տաճարի՝ Ս. Էջմիածնի տոնը: Այն ոչ միայն մի պարզ տաճարի, այլ մեր ազգի հոգու հավիտենական տաճարի տոնն է: Առաջին իսկ դարերից Հիսուսի աշակերտներն իրենց ոտքերն ուղղեցին դեպի Հայաստան աշխարհ, եկան Տիրոջ հավատքը տարածելու, եկան՝ իրենց հետ բերելով ոչ միայն հավատքը, այլև Տիրոջ հետ կապված կարևոր մասունքներ:
Այս վայրում՝ Իջման Ս. Խորանի տեղում, մեր հավատքի Հայր Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլք ունեցավ. Հիսուս Իր Համբարձումից հետո մեկ անգամ ևս իջավ երկիր, իջավ մեր հողի վրա և ցույց տվեց այն տեղը, ուր պետք է այս տաճարը կառուցվեր: Այն կառուցվեց, հիմնաքարերը դրվեցին, թե արքան և թե Գրիգոր Լուսավորիչ ու ողջ ժողովուրդը ցնծության մեջ էին: Սա, սիրելիներ, մեզ համար պարզ պատմություն չէ, սա մեր հոգու և ինքնության պատմությունն է, սա մեր հայ լինելու հավիտենության պատմությունն է, որովհետև Ս. Էջմիածինը ոչ միայն քարեղեն տաճար է, այլև հոգեղեն հավիտենական տաճար, քանի որ Ս. Էջմիածինն ամեն հայի համար պարզ ուխտավայր չէ: Հայը, գալով այստեղ, իր ուխտը նորոգում է Տիրոջ, իր ազգի և հայրենիքի հետ:
Ս. Էջմիածինը խորհուրդն է հայի անկոտրում ոգեկանության ու հավատքի, որ դարեր շարունակ փորձեր են կատարել նրան այդ հավատքից հեռացնելու: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայ ժողովրդի հոգևոր կենտրոն ենք կոչում, սակայն, այն միայն հոգևոր կենտրոն չէ. այն պահապանն է հոգու, այն պահապանն է մեր ազգային ինքնության: Սուրբ Էջմիածինն այն ամուր զնդանն է, որի վրա հազարամյակների ընթացքում միլիոնավոր մուրճեր են մաշվել ու դեռևս կմաշվեն: Ու թող բոլորն իմանան, որ դրանք այսօր կան, իսկ վաղը՝ ոչ: Իսկ Էջմիածինը հայի հոգու նման հավիտենական է, Ս. Էջմիածինը մեր հոգու կենսաբեր աղբյուրն է»:
Այնուհետև Սրբազան Հայրը բոլոր ներկաների անունից որդիական խոնարհությամբ շնորհավորեց և ամենքի սերը հայտնեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին՝ Ս. Գրիգոր Լուսավորչի իրավահաջորդին՝ մաղթելով կյանքի երկար ու արևշատ տարիներ, քաջառողջ կեցություն, նաև Ամենակալ Աստծուց հայցեց, որպեսզի Հայոց Հովվապետի աղոթքներով Մայր Աթոռը մնա հայ ազգի ինքնության գրավականը և Նորին Սրբության առաջնորդությամբ հայ ազգն ազատ շնչի այս երկրի վրա՝ ազատագրված մեղքից, ազատագրված ամեն տեսակի չարիքից:
Ապա Նաթան Սրբազանը, դիմելով հոգևոր դասին, իր սրտագին մաղթանքը բերեց հոգևորականներին՝ հավելելով նաև, որ յուրաքանչյուր հոգևոր սպասավոր Մայր Աթոռի անդրադարձն է հանդիսանում:
Հավարտ Պատարագի սրբազան արարողության, բարձր նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Սուրբ Էջմիածնի մաղթանք` ի շինություն Մայր Աթոռի և ի արդյունավորում Ամենայն Հայոց Հայրապետի երկարամյա հովվապետության:
Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միբանությունը, թեմակալ առաջնորդներ և վանաբնակ եպիսկոպոսներ, Մայր Աթոռի բարերարներ և Մայր Աթոռում ուխտավորաբար գտնվող բազում բարեպաշտ հայորդիներ: