Մայր Աթոռում հյուրընկալվեց Լեհաստանի Հայաստան-Լեհաստան բարեկամության միջխորհրդարանական հանձնախումբը
Հունիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում հյուրընկալեց Լեհաստանի Հայաստան-Լեհաստան բարեկամության միջխորհրդարանական հանձնախմբի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ հանձնախմբի ղեկավար Թադեուշ Վոզնյակի և ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի:
Հանդիպմանը Նաթան Սրբազանն անդրադարձավ հայ-լեհական բազմադարյա կապերին` ընդգծելով, որ Լեհաստանում 650-ամյա ներկայությամբ հայերն իրենց նպաստն են բերել և այսօր էլ շարունակում են իրենց ակտիվ մասնակցությունն ունենալ երկրի մշակութային, քաղաքական և տնտեսական կյանքում:
Նաթան Սրբազանը հյուրերին տեղեկություններ փոխանցեց նաև Հայոց Եկեղեցու պատմության, Մայր Աթոռի` հայ ժողովրդի կյանքում ունեցած դերակատարության և ներկայիս գործունեության մասին:
Իր հերթին հանձնախմբի ղեկավար Թադեուշ Վոզնյակը տեղեկացրեց, որ այցի նպատակն է առավել խորացնել ու ընդլայնել հայ-լեհական մշակութային և տնտեսական կապերը: Պրն. Վոզնյակը կարևորեց նաև երկու երկրների միջկրոնական կապերի զարգացումը:
Հանդիպմանն անդրադարձ եղավ նաև Հայաստանյայց Առաքելական ու Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև ձևավորված հարաբերություններին: