Մայր Աթոռում կազմակերպվեց «Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինա» ծրագրի համաբանակային եզրափակիչ փուլը
Մայիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության հետ համատեղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում կազմակերպեց «Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինա» ծրագրի համաբանակային եզրափակիչ փուլը։
Միջոցառմանն իրենց մասնակցությունը բերեցին ՀՀ ԶՈւ տարբեր զորմասերի զինծառայողները, ովքեր հաղթահարել էին մրցույթի առաջին փուլը։
Վիտորինան բացվեց Տերունական աղոթքով։ Այնուհետև մասնակիցներին ողջունեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ ներկաներին փոխանցելով Ամենայն Հայոց Հայրապետի հայրական սերն ու օրհնությունը։
Ակտիվ մասնակցության և սուրբգրային գիտելիքների բարձր պատրաստվածության համար բոլոր մասնակիցները պարգևատրվեցին Աստվածաշունչ մատյաններով, Նոր Կտակարաններով, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքերով և պատվոգրերով։
Միջոցառումը եզրափակվեց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության Գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ․ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի օրհնության խոսքով։
Մայիսի 31-ին «Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինա» ծրագրի համաբանակային եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցների համար կկազմակերպվի ուխտագնացություն դեպի Հայաստանի տարբեր սրբավայրեր։