Մայր Աթոռում Էջմիածին քաղաքի բնակչության համար կբացվի ատամնաբուժական կենտրոն

Մայր Աթոռում Էջմիածին քաղաքի բնակչության համար կբացվի ատամնաբուժական կենտրոն 01.06.2003

Հունիսի 1-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց ատամնաբուժական կենտրոնի օրհնության կարգ եւ հուշաքարի բացում: Արարողությանը իրենց մասնակցությունն էին բերել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն նահանգի վարչական խորհրդի նախագահ Ժան-Նոել Գերինին, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Կյունին, Էջմիածնի քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանը, Մայր Աթոռի միաբաններ եւ Մարսելից ժամանած ֆրանսահայեր:

Ատամնաբուժական դիսպանսերը Հայոց Հայրապետի օրնությամբ կառուցվելու է Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն նահանգի վարչական խորհրդի նախագահ Ժան-Նոել Գերինիի հովանավորությամբ եւ ֆրանսահայ «Բարձունք 5165» բարեգործական կազմակերպության ջանքերով:

Արարողության ավարտին Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց նահանգապետին եւ մարսելաբնակ բարեպաշտ հայորդիներին այս նախաձեռնության համար, որը վկայում է ֆրանսիացի եւ հայ ժողովուրդների բարեկամության ու եղբայրական սիրո մասին: «Այսօր մեր հոգին առանձնակի մխիթարություն է ապրում, որովհետեւ ձեր հովանավորությամբ եւ օժանդակությամբ բացվող ատամնաբուժական կենտրոնը վերականգնելու է մի հաստատություն, որը հիմնադրվել է դեռեւս 1902թ. երջանկահիշատակ Մկրտիչ Խրիմյան Ամենայն հայոց Հայրապետի կողմից որպես հիվանդանոց Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սանուց համար», - իր խոսքում նշեց Վեհափառ Հայրապետը:

* * *

Արարողությունից հետո Վեհարանում ընդունելության ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան հանձնեց Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն նահանգի վարչական խորհրդի նախագահ Ժան-Նոել Գերինիին` իբրեւ մեծագույն գնահատական իր հայանպաստ գործունեության:

Ստանալով Հայ եկեղեցու բարձրագույն շքանշանը` պրն. Գերինին Վեհափառ Հայրապետին շնորհակալություն հայտնեց իրեն արժանացրած պատվի համար: Բարձր գնահատելով Հայ Եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում` նահանգապետը հավաստիացրեց, որ այսուհետ եւս ամեն ինչ կանի հայ-ֆրանսիական բարեկամությունն առավել ամրապնդելու համար: