Մայր Աթոռի ներկայացուցիչները կմասնակցեն Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 6-րդ համագումարին
Հոկտեմբերի 10-11-ը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում տեղի է ունենալու Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 6-րդ համագումարը, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ, համագումարի գործադիր կոմիտեում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
«Կրոնական առաջնորդները հանուն անվտանգ աշխարհի» լիագումար նիստից հետո, երկօրյա ժողովի ընթացքում տեղի կունենան առանձին քննարկումներ «Աշխարհ. 21 դար» հայտարարությունն իբրև համաշխարհային անվտանգության հայեցակարգ», «Կրոնները փոփոխվող աշխարհաքաղաքականության մեջ. նոր հնարավորություններ մարդկության համախմբման համար», «Կրոնը և համաշխարհայնացումը. մարտահրավերներ ու պատասխաններ» և «Կրոնական առաջնորդներն ու քաղաքական գործիչները ծայրահեղականության և ահաբեկչության հաղթահարման գործում» թեմաներով:
Համագումարի շրջանակներում կկատարվի նաև Խաղաղության և համերաշխության թանգարանի պաշտոնական բացումը: