Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առիթով

Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առիթով 21.08.2019

Օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսները, հայաստանյան թեմերի առաջնորդներն ու առաջնորդական տեղապահները, միաբանության անդամները, Մայր Աթոռում սպասավորող քահանաներն ու պաշտոնեությունը այցելեցին Ամենայն Հայոց Հայրապետին:

Եկեղեցականներն ու աշխարհականները իրենց ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Վերջիններս հայցեցին Ամենազոր Աստծու օգնականությունը Հայոց Հովվապետին իր եկեղեցանվեր և ազգօգուտ հոգևոր առաքելության իրականացման համար` մաղթելով երկար տարիների արդյունավոր հովվապետություն` ի պայծառություն և ի շինություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ազգային և հայրենական կյանքի:

Վեհափառ Հայրապետը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի և շնորհավորանքների համար, իր փոխադարձ մաղթանքներն ուղղեց ամենքին: Նորին Սրբությունը բարձրորեն գնահատեց եկեղեցականների և Մայր Աթոռի պաշտոնեության ազգին և Եկեղեցուն մատուցվող անսակարկ ծառայությունը և անուրանալի ներդրումն ազգային-հոգևոր կյանքի զորացման գործում` Սուրբ Էջմիածնի կողմից արձանագրած ձեռքբերումները նկատելով պտուղը աննկուն հավատքի, միասնական համատեղ ջանքերի և նախանձախնդիր ու հանձնառու ոգու: