Մայր Աթոռի կողմից իրականացվող «Աջակցենք Արցախին» ծրագիրը պետք է շարունակվի աշխարհասփյուռ հայության հանգանակությունների շնորհիվ
2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկչական ուժերի կողմից Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված և 44 օր տևած պատերազմի հետևանքով ավելի քան 100․000 մեր հայրենակից տեղահանվել և հաստատվել էին Հայաստանի տարբեր մարզերում։ Այդ ընտանիքների մի մասը պատերազմից հետո արդեն վերադարձել է Արցախ, բայց թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում հարյուրավոր ընտանիքներ դեռ ունեն սոցիալական ամենատարբեր կարիքներ։ Ըստ պաշտոնական տվյալների` պատերազմի հետևանքով ավելի քան 35.000 մարդ զրկվել են իրենց տներից, իսկ զոհված ու վիրավոր հերոսների ընտանիքները ունեն հոգեբանական ու սոցիալական մի շարք խնդիրներ։
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ 2020թ դեկտեմբերին սկիզբ դրվեց «Աջակցենք Արցախին» ծրագրին, որի նպատակն է առավել համակարգված կերպով օգնության ձեռք մեկնել պատերազմի հետևանքով սոցիալապես ծանր կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին Հայաստանում և Արցախում: Այս նպատակի համար կենտրոնացվել են Սփյուռքի մի շարք թեմերի ուժերը` ատենապետությամբ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի։
Հանգանակությունները կատարելու և ծրագրի ընթացքի մասին լրատվություն տրամադրելու համար գործարկվել է www.artsakhoutreach.org կայքը, որտեղ պարբերաբար հրապարակվելու են ծրագրի շահառուների ու աջակիցների վերաբերյալ պատմություններ։
Առաջին պատմությունը Գյումրիից է։