Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրենն Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնեց պատմական գիտությունների թեկնածուի կոչման վկայագիրը
Նոյեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից «Հայոց պատմություն» մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի կոչմանն արժանացած Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ․ Արարատ քահանա Պողոսյանին։
Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Տեր Արարատ քահանան Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո իր ուսումնառությունը շարունակել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի մասնագիտական խորհրդում պաշտպանության ներկայացված թեկնածուական ատենախոսությունը կրում է «Հայոց Եկեղեցին ԺԶ-ԺԷ դարերի հայ ազատագրական պայքարում» խորագիրը։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետը, կարևորելով Տեր Հոր գիտական ձեռքբերումը, ընդգծեց, որ սույն աշխատությունը հնարավորություն կընձեռնի հանրությանը և հայ ժողովրդի պատմությամբ հետաքրքրվողներին ի մոտո ծանոթանալու 16-17-րդ դարերի հայ ազատագրական պայքարում Հայոց Եկեղեցու դերակատարությանը։
Հայոց Հովվապետը գոհունակությամբ արձանագրեց, որ եկեղեցականները ծավալում են նաև գիտական գործունեություն՝ հորդորելով Տեր Արարատ քահանային նոր ուսումնասիրություններով արգասավորել ամբարած գիտելիքները։
Վերջում Արժանապատիվ Տեր Հայրը Նորին Սրբությանը հանձնեց իր ատենախոսությունը ու թեկնածուական կոչման վկայագիրը։