Մայր Աթոռը հյուրընկալեց Կանադայի հայոց թեմի ուխտավորներին

Մայր Աթոռը հյուրընկալեց Կանադայի հայոց թեմի ուխտավորներին 26.11.2003

Ուխտի պատարագ մատուցեց Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպս. Գալստանյանը

Հոկտեմբերի 26-ին, Խաչի գյուտի օրը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հոբելյանական տարվա հերթական կիրակի օրը, Սբ. Էջմիածինը հյուրընկալել էր Կանադայի հայոց թեմի ուխտավորներին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ ուխտի պատարագ մատուցեց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպս. Գալստանյանը:

Սբ. պատարագի ընթացքում բոլոր ուխտավորներին եւ հյուրերին ողջունեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ վրդ. Խաչատրյանը: Ապա ուխտավորներին իր պատգամը հղեց Բագրատ Սրբազանը:

«Այսօր մեզ` Կանադայում ապրող հավատացյալներիս համար եւս Խաչի գյուտ է. Խաչի գյուտ է այստեղ գտնվելը, Խաչի գյուտ է այն իմաստով, որ եկել ենք մեր սիրով` բերելով մեր հավատարմությունը, հայտնելու եւ նաեւ սերը տանելու Ս. Էջմիածնից, ոչ միայն տալու, այլ նաեւ տանելու, եւ այս է Խաչի գյուտը մեզ համար: Այսօր մենք ուխտավոր ենք, եկել ենք մեր երկիրը, մեր հայրերի երկիրը` վերստին համբուրելու այդ հողը, եւ վերստին այս հողի վրա իջեցնելու Քրիստոսին այս անգամ մեր միջոցով, եւ վերստին այս տաճարը կոչելու Էջմիածնի Ս. Տաճար: Ուխտավոր ենք եւ եկել ենք մեր հավատարմությունը հայտնելու մեր Հայոց Ս. Աթոռին, հայտնելու եւ ասելու, որ հավատում ենք էջմիածնական ճշմարտությանը եւ նրա հաղթանակող իրականությանը, որ այսօր մեր միջոցով է իրականացվում: Եկել ենք նաեւ որպես ուխտավորներ խառնվելու մեր հող ու ջրին, մեր հացին, այստեղ մեր երկրի մեջ ապրող մեր սիրելի ժողովրդին` քույրերին եւ եղբայրներին, եւ ուժ ստանալու եւ Աստծո հետքերով քայլելու այս երկրի մեջ, որի ամեն հետքի վկայությունը մի տաճար է մի սրբավայր, բայց ոչ միայն քայլելու, այլ նաեւ մեր սրտի հետքը դնելու այստեղ, դրոշմելու այստեղ եւ այդպես վերադառնալու դեպի մեր տունը` Կանադա` հավատացած լինելով մեր միակ տանը` Հայաստան երկրին եւ Ս. Էջմիածնին»,- ասաց Սրբազան Հայրը:

Հավարտ Ս. Պատարագի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ 1999թ. հոկտեմբեր 27-ին ՀՀ Ազգային Ժողովում կատարված ոճրագործության զոհերի` ԱԺ Նախագահ Կարեն Դեմիրճյանի, Վարչապետ Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Հենրիկ Աբրահամյանի, Արմենակ Արմենակյանի, Միքայել Քոթանյանի եւ Լեոնարդ Պետրոսյանի:

Սրբազան արարողությանը ներկա էին բարձրաստիճան հոգեւորականներ եւ ուխտավորներ Կանադայից:

Սբ. Պատարագից հետո Վեհարանում կանադահայոց թեմի շուրջ հիսուն ուխտավորներին ընդունեց Ամենայն Հայոց Հայրապետը: