Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզի պաշտպանություն
Մարտի 1-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն:
Մասնավոր վարդապետական աստիճան ստանալու համար «Քահանայության և քահանայագործության կանոնական-եկեղեցական ընկալումները միջնադարյան Հայաստանում՝ ըստ «Կանոնագիրք Հայոց»-ի» վերնագրով թեզ պաշտպանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Երեմիա աբեղա Աբգարյանը:
Հանձնախումբը նախագահում էր Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Հանձնախմբի անդամներից ներկա էին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն ու Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Պաշտպանության սկզբում ներկաներին ողջունեց հանձնախմբի նախագահ Բագրատ Սրբազանը: Այնուհետև թեզի վերաբերյալ գրախոսությամբ ելույթ ունեցավ փ. գ. դ. Հակոբ Քեոսեյանը: Ապա Հայր Երեմիան ներկայացրեց իր վարդապետական թեզը և ընտրված նյութի այժմեականությունը` պատասխանելով նաև հանձնախմբի անդամների և ներկաների հարցերին:
Հավարտ բանավոր պաշտպանության, քննիչ հանձնախումբը դրական եզրակացություն տվեց կատարված աշխատանքի առնչությամբ և արժանի համարեց Հոգեշնորհ Տ. Երեմիա աբեղա Աբգարյանին շնորհելու մասնավոր վարդապետության աստիճան:
Վարդապետական թեզի պաշտպանությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ և այլ հրավիրյալներ:
Առաջիկա օրերին, Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, ձևավորված ավանդության համաձայն, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի մասնավոր վարդապետական աստիճանի տվչության արարողությունը: