Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն
Փետրվարի 26-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն:
Հայրենիքին ու ժողովրդին մատուցած ծառայությունների ու վաստակի բարձր գնահատանքով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց դիվանագետ, Արաբական Միացյալ Էմիրություններում և Կատարի պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանին:
Արարողությունը բացվեց միասնական Տերունական աղոթքով, ապա ցերեկույթի մասնակիցներին ողջունեց Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:
Այնուհետև մեծարյալի կերպարին, վաստակին ու գործունեությանն անդրադարձավ տիրա Աշոտ Եսայանը, որից հետո «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակը և շքանշանը:
Գ. Ղարիբջանյանին ուղղված հայրապետական կոնդակում, որն ընթերցվեց Մայր Աթոռի բարձրագույն հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կողմից, գրված է. «…Ուրախ առիթ ունենք անդրադառնալու Ձեր արդյունավոր գործունեությանը։ Երկար տարիներ զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ` Դուք գովարժան ավանդ եք բերում մեր երկրի շինությանն ու պայծառությանը: Տակավին Խորհրդային տարիներին պատասխանատու հանձնառություններ ստանձնեցիք Սփյուռքահայության հետ կապի կոմիտեում՝ հետևողական ջանքեր ներդնելով Հայրենիք-Սփյուռք կապերի զորացմանը: Անկախությունից հետո շարունակեցիք աննվազ նախանձախնդրությամբ Ձեր կարողություններն ու հարուստ փորձառությունը ծառայեցնել մեր Հայրենիքի զորացման ու պայծառության սուրբ գործին։ Ձեր հաջողություններն ու ձեռքբերումները բարի արդյունքն են Ձեր աստվածասեր ու հայրենասեր ոգու և բարեխիղճ, նախանձախնդիր աշխատանքի:
Հայրապետիս համար գոհունակություն է հաստատել, որ ճանաչելով Ձեզ՝ մշտապես զգացել ենք Ձեր ջերմ սերն ու նվիրումը՝ հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին և հոգևոր մեր սրբազան կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծարյալին շնորհեց Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանը:
Շնորհաբաշխության առիթով վերջինս անդրադարձավ իր ապրումներին` խոսելով Մայր Եկեղեցու կողմից գնահատվելու երջանկության, ինչպես նաև վերջին տասնամյակներին ժողովրդի կյանքում հոգևոր կյանքի վերարթնության մասին: Պրն. Գ. Ղարիբջանյանը նաև վստահեցրեց, որ Ղարիբջանյան ընտանիքը պիտի շարունակի անբասիր ծառայել Հայոց Եկեղեցուն և Մայր Աթոռ Ս. Էջմիածնին:
Միջոցառումն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Անդրադառնալով Գեղամ Ղարիբջանյանի` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հանդեպ ունեցած սիրուն և նվիրումին` Վեհափառ Հայրապետը Տիրոջ օրհնության ու զորակցության հայցով մաղթեց, որ Բարին Աստված Իր Հայրական հովանու ներքո միշտ առողջ ու երջանիկ պահպանի նրան ու նրա ընտանիքին՝ հաջողություններ պարգևելով նրանց բարի գործերին ու նախաձեռնություններին: