Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն
Հունվարի 15-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում տեղի ունեցավ նաև շքանշանի հանձնում:
Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան հանձնեց Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին՝ բարձրորեն գնահատելով Հայ Եկեղեցու անդաստանում նրա վաստակը և տարիների ծառայությունը։
Օրվա խորհրդի շուրջ պատարագչի մատուցած քարոզից հետո, «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի կողմից Ավագ Ս. Խորան բարձրացվեց հայրապետական սրբատառ կոնդակը:
Կոնդակում, որն ընթերցվեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի կողմից, ի մասնավորի նշված էր. «Սիրելի Սրբազան, ուրախություն է Մեզ համար Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները բերել Ձեզ` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու վաստակաշատ սպասավորիդ։
Այսօր ուրախ առիթն ունենք գնահատանքով անդրադառնալու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու անդաստանում Ձեր նվիրյալ սպասավորությանը: Անթիլիասի դպրեվանքում և ապա Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում ավարտելով Ձեր հոգևոր ուսումնառությունը, Դուք ազգին ու եկեղեցուն անձնվեր ծառայանվիրումի ուխտ կնքեցիք Տիրոջ Սուրբ Սեղանի առջև և ստանձնեցիք կուսակրոն հոգևորականի առաքելությունը հավատավոր մեր ժողովրդի կյանքում:
Ձեզ պատասխանատու ծառայություն վստահվեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում, այնուհետև Աստուծո կամոք հովվական սպասավորության կոչվեցիք ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում` երկար տարիներ աննվազ նախանձախնդրությամբ հոգևոր սնունդ ջամբելով մեր ժողովրդի հավատավոր զավակներին: Ձեր առաքելության մեջ կարևոր հանգրվան դարձավ սպասավորությունը Դիթրոյթի համայնքում: Հովվական անխոնջ նվիրումով Դուք եկեղեցու շուրջ միավորեցիք բարեպաշտ հայորդիներին և բարի գործերով ու նախաձեռնություններով շինություն ու պայծառություն հավելեցիք տիրախնամ համայնքին: Դիթրոյթի Ծուխի պատմության մեջ կարևորագույն ձեռքբերումներից է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն կից «Ալեք Մանուկյան» թանգարանը, որ հիմնեցիք Դուք Ձեր պաշտոնավարման տարիներին՝ թանգարանին նվիրելով նաև բազմաթիվ նմուշներ Ձեր անձնական հավաքածուից:
Սփյուռքում քահանայագործության երկար տարիների վաստակը Ձեր ուսերին եկաք Հայրենիք, Ձեր կարողությունները ի սպաս բերելու հայրենաբնակ մեր ժողովրդի հոգևոր կյանքի նորոգությանը և մեր հոգևոր ծննդավայրի՝ Սուրբ Էջմիածնի հավետ պայծառությանը: Այսօր Մենք ուրախ ենք հաստատելու, որ ինչպես Շիրակի թեմում, այնպես և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ծառայեցիք անձնվիրումով ու Ձեր պարտականությանց հանդեպ առավելագույն բծախնդրությամբ:
Քրիստոսի հավատարիմ սպասավորիդ կյանքը զարդարված է նաև բարեսիրական գործունեությամբ, որ իրագործում եք ինքնաբուխ հանձնառությամբ և Ձեզ հատուկ համեստությամբ: Ձեր անձնական խնայողությունները Դուք ծառայեցնում եք մեր Սուրբ Եկեղեցու պայծառությանը, նաև Ձեր օրինակով խրախուսում եք բազմաթիվ հայորդիների՝ իրենց վաստակը ի սպաս բերելու ազգօգուտ ու եկեղեցաշեն ծրագրերի իրականացմանը: Հատկապես գովելի է Ձեր աջակցությունը ծնողական հոգատարությունից զրկված մանուկներին, ովքեր Ձեր օգնությամբ հաղթահարում են կյանքի դժվարությունները, զորանում հավատքով ու լավատեսությամբ…»:
Ապա Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Փառեն Սրբազանին շնորհեց Հայ Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանը: