Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով
Հունիսի 19-ից 20-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով:
Ժողովը բացվեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքով:
Ժողովի նիստերն որպես ատենապետ վարեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը :
Երկօրյա ժողովի նիստերին քննության առնվեցին առաջիկա Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպմանը, Հայրենիքում ու Սփյուռքում ազգային-եկեղեցական կյանքին առնչվող մի շարք հարցեր:
Մասնավորապես անդրադառնալով 2020 թվականին գումարվելիք Ազգային-եկեղեցական ժողովին` ԳՀԽ անդամները լսեցին ժողովի օրակարգի հարցերի նախապատրաստման նպատակով ստեղծված յոթ հանձնախմբերի աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկույցները:
Զեկույցները ներկայացրեցին Թեմական և ծխական կյանքի կազմակերպման հանձնախմբի համաատենապետ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը , Սոցիալական ծառայության հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը , Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և ազգային ինքնության պահպանության գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելության հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը , Քրիստոնեական արժեհամակարգին նետված մարտահրավերների հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Հոգևորականաց պատրաստության հանձնախմբի քարտուղար Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսատնտեսական վիճակի բարելավման հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Քննարկելով ներկայացված զեկույցները և կատարելով անհրաժեշտ թելադրությունները` Գերագույն հոգևոր խորհրդի անդամները Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ բարձրորեն գնահատեցին հանձնախմբերի կողմից կատարված աշխատանքը: Հայրենիքի և սփյուռքի հոգևորական և աշխարհական ներկայացուցիչներից կազմված հանձնախմբերը կշարունակեն լրամշակել Ազգային-եկեղեցական ժողովի օրակարգային հարցերը և դրանց շրջանակներում քննվելիք փաստաթղթերը:
Ժողովականները լսեցին Մայր Տաճարի վերանորոգության ընթացքի մասին զեկույցը, որը ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Տեղեկացվեց նաև Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության աշխատանքների իրականացմանն ի նպաստ` Սուրբ Էջմիածնի Կաթողիկեի առաջիկա տոնին մեկնարկող համազգային հանգանակության ծրագրի մասին, որը համակարգվելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից՝ գլխավորությամբ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի : Ծանուցվեց հաստատված հոգաբարձուների պատվո հանձնախմբի և գործադիր մարմնի մասին:
ԳՀԽ անդամները ողջունեցին ձեռնարկված քայլերը` կարևորելով յուրաքանչյուր հայորդու մասնակցությունն ու ներդրումը համայն հայության Սրբություն Սրբոցի վերանորոգության ու բարեզարդ պահպանման գործում:
Ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը տեղեկություններ փոխանցեց Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հարաբերությունների հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպման և նախաձեռնված համատեղ քննարկումների մասին` իրազեկելով, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով` գործակցային ոգով լուծումներ ապահովելու Եկեղեցու կյանքում առկա զանազան խնդիրներին:
Ժողովին անդրադարձ կատարվեց նաև Եկեղեցու կանոնական ու կանոնադրական մի շարք հարցերին: