Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց «Եկեղեցին փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով կոնֆերանսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց «Եկեղեցին փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով կոնֆերանսը 23.11.2018

Նոյեմբերի 23-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում մեկնարկեց «Եկեղեցին փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով եռօրյա կոնֆերանսը` կազմակերպված «Դիալոգ» հասարակական կազմակերպության գործակցությամբ: 

Գիտաժողովը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո կոնֆերանսին մասնակից եկեղեցականներին և աշխարհականներին ողջունեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: 

Սրբազան Հայրը ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունները՝ բարի ընթացք մաղթելով կոնֆերանսի աշխատանքներին: 
Նաթան արքեպիսկոպոսն ընդգծեց, որ քննարկվելիք թեմաներն ու խնդիրները քրիստոնեության առաջին իսկ օրերից եղել են և մշտապես հուզել մարդ արարածին:

«Մեր օրերում ևս այդ խնդիրները մենք համարում ենք շատ արդիական, որովհետև ընդհանուր աշխարհի մեջ քրիստոնեական արժեքների պահպանումն ավելի ու ավելի դժվար է դառնում: 

Ըստ իս՝ առաջին և ամենակարևոր պայմանն այն է, որ քրիստոնեական բարոյականությունը կարող է կյանքի կոչվել և մեր ամենօրյա կյանքի մաս լինել միայն այն ժամանակ, երբ մենք այն ընդունում ենք ոչ թե իբրև օրենք, բարոյական նորմ կամ կանոն, այլ մեր քրիստոնեական հավատքի վրա հիմնված կենսակերպ: Մենք բոլորս, առաջին հերթին, հենց սա պետք է ի մտի ունենանք. առանց հավատքի որևէ քրիստոնեական արժեք վերածվում է տեսական մի օրենքի», - նշեց Նաթան Սրբազանը՝ հորդորելով բոլոր մտորումների և քննարկումների մեջ առաջնայնությունը տալ հավատքին, որի միջոցով միայն հնարավոր կլինի հասնել վերջնանպատակին: 

Սրբազանը համաժողովի մասնակիցներին պատգամեց իրենց հավաքներում առաջնորդվել քրիստոնեական հավատքի զորությամբ, Սուրբ Հոգու քաջալերությամբ և Քրիստոսի պարգևած խաղաղությամբ:

Ներկաներին ողջունեց նաև «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Ալմաստ Մուրադյանը:
Այնուհետև հոգևոր երգերի կատարմամբ հանդես եկավ Արագածոտնի թեմի Ապարանի Ս. Խաչ եկեղեցու երգչախումբը:

Եռօրյա կոնֆերանսի ընթացքում կներկայացվեն զեկույցներ «Ժամանակակից աշխարհը և հակաքրիստոնեության դրսևորումները», «Աշխարհիկացումը և բարոյականության հիմնախնդիրները 21-րդ դարում», «Քրիստոնեական արժեհամակարգի դիտարկումը միջանձնային փոխհարաբերությունների կառուցվածքում», «Բարոյականության արժեքները Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշման կոնտեքստում», «Քրիստոնեական ընտանիքի մոդելը ժամանակակից հասարակության կառուցվածքում» և այլ թեմաներով: