Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Մայիսի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:
Քառօրյա ժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով։ Ողջունելով Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ տարբեր թեմերից Մայր Աթոռ ժամանած ԳՀԽ հոգևորական և աշխարհական անդամներին՝ Նորին Սրբությունը նվիրյալ ծառայության համար իր գնահատանքը փոխանցեց նրանց։
Վեհափառ Հայրապետը շնորհավորեց ներկաներին Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանի առիթով՝ ուրախություն հայտնելով, որ ԳՀԽ անդամները հնարավորություն ունեցան մասնակցելու 100-ամյակի ծիրից ներս կազմակերպված տոնական միջոցառումներին։ Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին Գերագույն հոգևոր խորհրդի անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի և Սարդարապատի հուշահամալիրներ՝ հարգանքի տուրք մատուցելու և իրենց աղոթքը բարձրացնելու հայրենիքի պաշտպանության և հավատքի համար նահատակված հայորդիների համար։
Ժողովին մաղթելով արդյունավոր աշխատանք` Գարեգին Բ Կաթողիկոսն արձանագրեց, որ նիստերի օրակարգում ընդգրկված են ազգային, եկեղեցական կյանքին առնչված կարևոր հարցեր։
Մասնավորաբար քննարկվելու են Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրությանը, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի հանձնախմբերի կանոնակարգերին, տարբեր թեմերի կանոնադրություններին, ինչպես նաև 2018 թ. Երիտասարդության տարվա շրջանակներում ծրագրվող միջոցառումներին վերաբերող նյութեր և այլ հարցեր։ Քննարկման առարկա կդառնա նաև Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքը։