Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը
Հունվարի 6-ին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և փրկչական Աստվածհայտնության հոգենորոգ տոնի առիթով համայն հայության հոգևոր կենտրոնում` Միածնաէջ Մայր Տաճարում, մատուցվեց հայրապետական Ս. Պատարագ:
Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ և ՀՀ Կառավարության անդամներ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Հայ Եկեղեցու բարերարներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հասարակական գործիչներ, կրթական, գիտական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ:
Հանդիսավոր թափորը` խաչերով և խաչվառներով զարդարված, զանգերի ղողանջների ներքո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհարանից ամպհովանիով ուղեկցեց դեպի Մայր Տաճար:
Այս տարի հայրապետական ամպհովանին կրում էին Տավուշի մարզի Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը, Ներքին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Մանվել Կամենդատյանը, Բաղանիսի համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը և Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադատյանը:
Արարողությանը՝ որպես առընթերականեր, սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ու Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Ս. Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ուղղեց համայն հայությանը` ամենքին փոխանցելով «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» հրեշտակաբարբառ ավետիսը:
Իր խոսքում Հայոց Հովվապետը նաև իր ողջույններն ու բարեմաղթանքները հղեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին, Քույր Եկեղեցիների հոգևոր պետերին և Հայոց Եկեղեցու ողջ հոգևոր դասին:
Նորին Սրբությունը Ս. Ծննդյան տոնի առիթով Տիրոջ զորակցությունը մաղթեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, հայրական իր սերն ու օրհնությունը փոխանցեց հավատավոր բոլոր հայորդիներին ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս:
Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց նաև Ջրօրհնեքի արարողությունը, որ կատարվում է ի հիշատակ Հորդանան գետում մեր Տեր Հիսուս Քրիստոսի մկրտության: Սրբալույս Մյուռոնը Ս. Խորան բարձրացվեց Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կողմից, ապա սուրբգրային ընթերցումներից և հոգեզմայլ շարականների երգեցողությունից հետո Վեհափառ Հայրապետն ընթերցեց Ս. Բարսեղ Կեսարացու Ջրօրհնյաց աղոթքը և Ս. Մյուռոնով ու խաչով օրհնեց ջուրը:
Օրհնությունից հետո Մայր Տաճարի խաչը Նորին Սրբության կողմից փոխանցվեց Խաչի կնքահորը: Այս տարի Մայր Տաճարում ջրօրհնեքի արարողության Խաչի կնքահայրն էր Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Կարպիս Հարությունյանը:
Արարողության ավարտին Մայր Աթոռի «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատանը տեղի ունեցավ ընդունելություն Տիրոջ Ս. Ծննդյան տոնի առիթով, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին ներկաներին բերեց հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքները: