Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով հունվարի 5-ի երեկոյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ:
Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Արարողության ընթացքում Սրբազան Հայրը քարոզեց Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածհայտնության խորհրդի և մարդկային կյանքում նրա նշանակության մասին:
Իր խոսքում Սրբազանը մասնավորապես խոսեց մարդկային կյանքի ամենաբնորոշ հատկանիշներից մեկի` սպասման մասին: «Կյանքը սպասում է, տենդագին սպասում: Մենք միշտ սպասման մեջ ենք՝ երբեմն բարի լուրերի ու ավետիսների, իսկ երբեմն էլ՝ գույժի ու դժբախտության:
Մարդիկ սպասման մեջ էին նաև ավելի քան 2000 տարիներ առաջ. նրանք սպասում էին ավելի լավ ու երանելի կյանքի: Այսպիսի սպասումների մեջ էին նաև մի քանի հովիվներ, ովքեր դաշտերում արածեցնում էին իրենց խաշները: Այստեղ այցելեց հրեշտակը, համաձայն Ղուկասի ավետարանչի պատումի, և նրանց ավետեց Քրիստոսի ծնունդը. «Մի վախեցեք ,- դիմեց նրանց հրեշտակը, - քանզի ես ձեզ մեծ ուրախության ավետիսն եմ փոխանցում, ուրախության, որ լինելու է բոլոր մարդկանց համար»:
Քրիստոս ծնվել էր, ծնվել էր որպես իրագործում Աստծու խոստման, որպես պատասխան մարդկային սպասումի, և սա է ավետման ուրախությունը, ուրախություն, որ ինչպես հրեշտակն է ասում, բոլորինս է: Եվ այս ուրախությունն է հազարավոր անգամներ, անընդմեջ ու շարունակաբար փոխանցվում եկեղեցիներից, ծավալվում տներում ու հրապարակներում, բակերում ու փողոցներում, բայց մարդիկ շարունակ տխուր ու տխուր են, դժբախտ ու հոգնած, վախեցած ու տագնապահար: Որքան դժվար է այսօր ուրախանալ, որքան դժվար է մնալ լավատես: Տառապանքը կարծեք գրոհել է աշխարհ»:
Անդրադառնալով Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան ավետիսով բաշխվող ուրախությանը` Արշակ Սրբազանն ընդգծեց. «Եվ արդ, ուրախությունը տագնապների ու վախերի, տառապանքների ու ողբերգությունների մոռացումը չէ, դրանց հաղթահարումը չէ և ոչ էլ դրանց բացակայությունը: Լինել ուրախ նշանակում է վայելել Տիրոջ մնայուն ներկայությունը, զգալ Աստծու մշտական խնամքն ու աջակցությունը, ապրել կյանքն Աստծու հետ: Էմմանուել է մանուկ Հիսուսի անունը, որ նշանակում է` Աստված մեզ հետ: Աստծու մեզ հետ լինելու վստահությունն ու հավատքն է աղբյուրը ուրախության: «Տերն իմ օգնականն է և ես չպիտի վախենամ», - ասում է Պողոս առաքյալը:
Մահերն ու տառապանքները մարդկանց ուղեկիցներն են մարդկության պատմության ողջ ընթացքում: Մարդը դատապարտված է տառապանքի ու մահվան, ամենանվիրական երազանքներն իսկ խեղդվում են խանձարուրում, բայց Տերը մեզ խոստում է տվել միշտ լինելու մեզ հետ` ուրախության, թե տխրության օրերին, հաջողության, թե ձախորդության մեջ »:
Վերջում Սրբազանը հորդորեց ներկաներին կյանքի տառապանքներն ու ձախորդությունները չդարձնել պատրվակ Տիրոջ ուրախությունից հեռանալու, որովհետև ուրախությունը մեզ հետ է Տիրոջ ներկայությամբ, իսկ Տիրոջ ծննդյան ավետիսն Իր մշտական խնամքի ու հոգատարության անլռելի ղողանջն է:
Պատարագի ավարտին կատարվեց նախատոնակ, որից հետո Ամենայն Հայոց Հայրապետը Տիրոջ Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության ավետիսը և Մայր Տաճարի ավագ խորանից լույսը փոխանցեց ներկա բարեպաշտ ժողովրդին, որպեսզի իրենց հարկերը պայծառացնեն Տիրոջ Ս. Ծննդյան ավետաբեր և կենդանարար լույսով: