Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տեառնընդառաջը` 40-օրյա մարդեղացյալ Աստվածորդու՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը։
Բերկրառատ տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան։ Տերունի օրվա կապակցությամբ, ուղեկցությամբ հոգևորականների թափորի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իջավ Մայր Տաճար, ուր կատարվեց Երեկոյան ժամերգություն:
Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Նորին Սրբության, տեղի ունեցավ նախատոնակ, ապա նաև` տարվա առաջին Անդաստանը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը:
Այնուհետև «Քրիստոս փառաց» հոգեզմայլ տաղի երգակցության ներքո Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի կանթեղից վառված մոմով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսապարգև լույսը փոխանցեց ներկա հավատավոր ժողովրդին:
Նախատոնակից հետո հանդիսավոր թափորն ուղղվեց դեպի միաբանական շենքի շրջաբակ, ուր, ներկայությամբ բազում հավատավոր հայորդիների, ձեռամբ Ամենայն Հայոց Հովվապետի, վառվեց Տեառնընդառաջի խարույկը:
Խարույկի շուրջ Մայր Աթոռի միաբանները և Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները հանդես եկան հոգևոր և ազգային երգերի կատարումներով:
Վերջում Նորին Սրբությունն օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին և տոնի առիթով փոխանցեց իր բարեմաղթանքները: