Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով
Մարտի 1-2-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գումարվեց Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով: Ողջունելով Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներին` Հայոց Հայրապետն անդրադարձավ օրակարգում առկա խնդիրներին եւ հաջողություն մաղթեց առաջիկա աշխատանքներում: Ապա Նորին Սրբությունը ժողովականներին ներկայացրեց Գերագույն Հոգեւոր Խորհրդի կազմում ընդգրկված նոր անդամ տիար Վիգեն Կարապետյանին (Ֆրանսիա):
Որպես ատենապետեր ժողովը վարեցին Տ. Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը, Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանը եւ ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
Ժողովին Գերագույն Հոգեւոր խորհուրդը քննության առավ թեմական եւ համայնքային տիպային կանոնադրության հայեցակարգային հիմնադրույթները: Անդրադարձ կատարվեց նաեւ Ֆրանսիայի Հայոց Թեմի կազմավորման գործընթացին:
Գերագույն Հոգեւոր խորհրդի նիստին հրավիրվեց ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, ով լուսաբանություններ տվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն վերաբերող սահմանադրական հոդվածից բխող` Եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենքի մշակման գործընթացի մասին:
Ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու գերաշնորհ Տ. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանը ներկայացրեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 9-րդ համագումարի արդյունքները, որին Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը ներկայացված էր ընդարձակ պատվիրակությամբ: Տեղեկացվեց, որ պատվիրակությունն ակտիվորեն մասնակցեց համաժողովի աշխատանքներին: ԵՀԽ նորընտիր կենտրոնական կոմիտեի մեջ Ամենայն Հայոց Կաթողիկոսության պատվիրակությունից ընտրվեցին Գերաշնորհ Տ. Վիգեն եպիսկոպոս Այքազյանի եւ երեցկին Փոլա Դեւեջյան: Տ. Վիգեն եպիսկոպոս Այքազյանը նաեւ ընդգրկվեց 20 անձանցից բաղկացած գործադիր վարչության կազմում:
Քննության առնվեցին նաեւ քրիստոնեական դաստիարակությանը, եկեղեցականների պատրաստությանն առնչվող, ինչպես նաեւ այլ խնդիրներ:
Ժողովը փակվեց Նորին Սրբության գնահատանքի խոսքով եւ «Պահպանիչ» աղոթքով: