Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված քահանայից ամենամյա հավաքի մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ
Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, գումարված քահանայից ամենամյա հավաքի մասնակիցները ժողովի ավարտին հանդես եկան հայտարարությամբ։
«Մենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններս և Հայաստանի ու Արցախի թեմերում սպասավորող քահանաներս և ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության գնդերեցներս, բարձր նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մայիսի 26-ին հավաքվելով Սուրբ Էջմիածնում քահանայից ամենամյա հավաքի առիթով՝
- Սուրբ Գայանե վանքում միասնաբար աղոթեցինք 103 տարի առաջ՝ մայիսյան հերոսամարտերի ժամանակ, հանուն ազգային մեր ինքնության պահպանության և մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի մարտնչած քաջորդիների, ինչպես նաև Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված հայորդիների, անհայտ կորած, գերության մեջ գտնվող և վիրավորում ստացած անձանց, տեղահանված արցախցի ընտանիքների համար։ Աղոթքով հիշեցինք նաև «վասն հայրենեաց եւ վասն հաւատոյ» իրենց արյունը հեղած մեր հոգելույս հոգևոր եղբայրներին։ Հայց բարձրացրեցինք առ Աստված Հայաստան և Արցախ աշխարհի անսասանության, խաղաղության և աշխարհասփյուռ մեր ժողովրդի անվրդով կյանքի համար։
- Անդրադառնալով Արցախյան պատերազմի հետևանքով Հայաստանում և Արցախում ստեղծված ծանր իրավիճակին և առկա հիմնախնդիրներին ՝ մեր մտահոգությունն ենք հայտնում հայրենիքում տիրող անցանկալի մթնոլորտի և խորացող քաղաքական ճգնաժամի առիթով։ Կարևոր ենք նկատում ազգային մեր ողջ ներուժի համախմբումը՝ ի խնդիր ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների արժանապատիվ հաղթահարման, իրավիճակի կայունացման և ներկայիս պայմաններում հայրենիքի տեսլականի և հետագա զարգացման ուղենշման։
- Դատապարտելի ենք նկատում այն փաստը, որ հակառակ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, Ադրբեջանը, շարունակելով որևէ արդարացում չունեցող իր անմարդկային քաղաքականությունը, ազատ չի արձակում հայ ռազմագերիներին, ենթարկում է խոշտանգումների և նվաստացումների։
- Դատապարտում ենք Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի թեմի տաճարների և հայկական պատմամշակութային ժառանգության հարցում որդեգրված մերժելի ընթացքը։ Թե´ պատերազմի օրերին, թե´ հետպատերազմյան շրջանում արձանագրվեցին հայոց սրբատեղիների թիրախավորման, պղծման և ոչնչացման փաստեր։ Ավելին՝ Ադրբեջանի իշխանությունները կեղծ օրակարգ են ձևավորում հոգևոր ժառանգության շուրջ՝ փորձելով վիճարկել դրա հայկական պատկանելությունը և այն վերագրել ուդիական քրիստոնեական փոքրամասնության՝ վերջինիս ներկայացնելով որպես հնագույն Աղվանքի կրոնամշակութային ժառանգության իրավատեր։
- Խորը մտահոգությամբ ենք հետևում Հայաստանի Հանրապետության սահմաններին՝ Գեղարքունիքում և Սյունիքում ստեղծված իրավիճակին, ադրբեջանական զինված ուժերի ոտնձգություններին և սադրանքներին, որոնք ուղղակի սպառնալիք են մեր հայրենիքի և սահմանամերձ բնակավայրերի անվտանգությանը։ Ցավոք, երեկ մեր դիրքերի ուղղությամբ արձակված կրակահերթերի հետևանքով ունեցանք նաև զոհ։ Մեր զորակցությունն ենք հայտնում սահմանապահ մեր խիզախ եղբայրներին, հորդորում ՀՀ Զինված ուժերին և պետական պատկան կառույցներին՝ համարժեք քայլեր ձեռնարկելու՝ ապահովելու մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիությունը։ Կոչ ենք անում նաև միջազգային հանրությանը միջոցներ գործադրել՝ կանխելու տարածաշրջանը նոր պատերազմի մեջ ներքաշել ջանացող Ադրբեջանի սադրիչ գործողությունները։ Խաղաղությանն այլընտրանք չկա, հանուն այդ խաղաղության է հեղվել մեր ժողովրդի զավակների արյունը։ Սակայն խաղաղությունը չի կարող կայուն իրողություն դառնալ արդարության ու իրավունքների ոտնահարման և անտեսման պայմաններում։
- Հայոց Եկեղեցին, իբրև մեր ազգի կյանքում իր բազմադարյա ներկայությամբ և պատմական փորձառությամբ նվիրականացած հոգևոր հաստատություն, շարունակում է պատասխանատվություն կրել Աստծո կողմից իրեն հանձնված հայ ժողովրդի և վերջինիս կողմից դարերով փայփայած ազատ ու անկախ հայրենիքի համար։ Այս պատասխանատվությունն օժտում է մեզ իբրև հոգևոր դաս ամենայն նախանձախնդրությամբ հետամուտ լինելու հայրենիքի առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը, անցանկալի երևույթների վերհանմանը և հաղթահարմանը։
Պատերազմում պարտության, հասարակության մեջ տիրող անվստահության տրամադրությունների հաղթահարմանն ի խնդիր՝ ՀՀ կառավարության հրաժարականով պայմանավորված հայրենի երկրում անցկացվելու են նոր խորհրդարանական ընտրություններ։ Այս պայմաններում մեր սրբազան պարտքն է առավել քան երբևէ զորացնել մեզանում հոգևոր և ազգային արժեքները, որպեսզի քաղաքական այս ընտրապայքարում տեղ չգտնեն քրիստոնյա ժողովրդին անհարիր և անընդունելի իրավիճակներ՝ հանգեցնելով մեր ազգային կյանքում նոր ցնցումների և ձախողումների, պառակտումների ու պարտությունների։ Անմիաբանությունը մայրն է բոլոր չարիքների։
Վեր մնալով բոլոր տեսակի հատվածական շահերից՝ հորդորում ենք մեր ժողովրդին՝ հեռու վանել եղբայրատյացությունն ու անհանդուրժողությունը, թշնամանքն ու վրեժխնդրությունը, չտրվել կեղծիքի ու անարդարության ազդեցություններին, փոխարենը՝ զգեստավորված արդարամտությամբ, ողջախոհությամբ և ապագայի հանդեպ անձնական պատասխանատվության զգացումով՝ խղճի մտոք մասնակցել ընտրություններին։ Հայոց պատմության այս օրհասական հանգրվանում, երբ փորձվում է մեր ժողովրդի հաստատակամությունն ու ազատ կյանքի գիտակցությունը, իրավունք չունենք մեղանչելու անտարբերությամբ մեր հայրենիքի, որով և մեր համայն ազգի վաղվա օրվա հանդեպ։
Աղոթում ենք, որպեսզի Ամենազոր Աստված Իր ողորմությամբ ազգիս համախումբ պահի և իմաստություն պարգևի, որպեսզի, Ամենայն Հայոց Հայրապետի մաղթանքի համաձայն, առաջիկայում մեր ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորվի հայրենանվեր, ազգասեր և արհեստավարժ, ազգային արժեքներով առաջնորդվող իշխանություն, որն իր նվիրումով և աշխատանքով ի վիճակի կլինի դուրս բերելու հայրենի մեր երկիրը բարդ իրադրությունից, երաշխավորելու հայրենիքի անվտանգությունը, հետապնդելու ազգային մեր իրավունքները և ապահովելու արժանապատիվ կյանք ու զարգացում մեր ժողովրդի համար Հայաստանում և Արցախում»: