Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագների կացարանային մասնաշենքի նորամուտն ու տնօրհնեքը

Ապրիլի 25-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ սարկավագների կացարանային մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը: Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ ու Մայր Աթոռի միաբան հայրերի մասնակցությամբ կատարվեց նորամուտի եւ տնօրհնեքի արարողություն:

Այսուհետեւ Մայր Աթոռի սարկավագները կապրեն Մայր Տաճարի հարեւանությամբ 18-րդ դարի կեսերին Ղազար Ա Ջահկեցի կաթողիկոսի օրոք կառուցված Ղազարապատ կոչվող շինության երկրորդ հարկում, որ հիմնովին վերանորոգվել է ամերիկաբնակ տեր եւ տիկին Նազար եւ Արտեմիս Նազարյանների բարերարությամբ: Վերանորոգված 22 սենյակներն ունեն կեցության համար բոլոր անհրաժեշտ պայմանները: Յուրաքանչյուր սենյակ նախատեսված է մեկ հոգու համար եւ կահավորված է գեղեցիկ ու հարմարավետ:

Շնորհավորելով ներկաներին եւ հատկապես սարկավագներին նոր մասնաշենքի բացման առիթով, Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ Մայր Աթոռի սարկավագաց դասը նոր պայմաններում կկարողանա առավել նվիրումով ու ծառայասիրությամբ իր աշխատանքը բերել Մայր Եկեղեցուն եւ հավատավոր ժողովրդին:

Առաջիկայում Մայր Աթոռում նախատեսվում է նաեւ եպիսկոպոսների եւ վարդապետների համար միաբանական մասնաշենքի հիմնարկեքը: