Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում սկսվեց Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը նվիրված միջազգային գիտաժողովը
Հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր հովանավորությամբ իր աշխատանքը սկսեց Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը նվիրված միջազգային գիտաժողովը:
5-րդ դարում, հայոց գրերի գյուտից անմիջապես հետո, հայ թարգմանիչները ձեռնամուխ եղան Սուրբ Գրքի հայերեն թարգմանությանը, որ հիրավի համարվում է «թարգմանությունների թագուհի»: Հայոց գրերի գյուտի 1600-ամյա հոբելյանական տոնակատարությունների շրջանակում կազմակերպված այս գիտաժողովին մասնակցում են Հայաստանի, ինչպես նաեւ ԱՄՆ եւ եւրոպական մի շարք հեղինակավոր համալսարանների մեկ տասնյակից ավելի գիտնականներ:
Տերունական աղոթքից եւ Մայր Աթոռի միաբան եւ գիտաժողովի կազմակերպիչ Տ. Վահան վրդ. Հովհաննիսյանի ողջույնի խոսքից հետո գիտաժողովի մասնակիցներին իր օրհնությունը տվեց Ամենայն Հայոց Հայրապետը:
«Մեզ համար մեծ ուրախություն է, որ գիտաժողովը անդրադառնալով Աստվածաշունչ Մատյանի հայերեն թարգմանության հարցերի, ինչպես եւ` մեր ժողովրդի հոգեւոր գրական ժառանգության տարբեր խնդիրների, մասնավորելով գիտական առումով դեռեւս չլուսաբանված կողմերն այդ ժառանգության, մեկ անգամ եւս կարեւորելու է նրա հոգեւոր ու մշակութային արժեքն ու տեղը համաշխարհային մշակույթի ու պատմության մեջ: Մենք հավատում ենք, որ այս գիտաժողովի հրավիրումը հավատի նորոգության առիթ ու խրախույս է դառնալու եւ դառնալու է հրավեր` Աստվածաշունչ Մատյանը անաղարտ պահպանելու եւ սերունդներին փոխանցելու»,- ասաց Նորին Սրբությունը:
Գիտաժողովի առաջին օրը զեկույցներով հանդես եկան Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Թոմսոնը` «Սուրբ Ներսես Լամբրոնացին եւ Հայտնության գիրքը», Ժնեւի համալսարանի պրոֆեսոր Բեռնարդ Ուտիեն` «Հովհաննես Իմաստասեր եւ աստվածաշնչյան խնդիրներ. Աստվածաշնչյան հայկական եւ վրացական մեկնությունները», Մատենադարանի գիտաշխատողներ Մանյա Շիրինյանը եւ Սուսաննա Գրիգորյանը` «Սբ. Գրային վկայակոչումները հայկական վաղ մատենագրության մեջ» եւ «Աստվածաշնչի հայ միջնադարյան մեկնությունները» թեմաներով:
Վաղը գիտաժողովը կշարունակի իր աշխատանքները: