Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում նշվեց ՀՀ զինված ուժերի հիմնադրման 10-ամյակը
Կիրակի, հունվարի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց ՀՀ զինված ուժերի հիմնադրման 10-ամյակը: Դեռ վաղ առավոտյան Մայր Տաճարում հավատացյալների հոծ բազմության մեջ առանձնանում էր մի խումբ, որոնք զատվում էին իրենց համազգեստով. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Սուրբ Պատարագի էր եկել հայոց բանակի բարձրագույն սպայական ողջ անձնակազմը` պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Պատարագի ընթացքում հանդիսավոր կերպով ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակը` հայոց բանակի հոբելյանի առիթով: Ապա կատարվեց Հանրապետական մաղթանք: Սրբազան արարողության ավարտին կատարվեց հոգեհանգստյան պաշտոն զոհված ազատամարտիկների համար:
Հավարտ Սբ. Պատարագի Վեհարանի դահլիճում Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ տեղի ունեցավ հանդիսություն:
Հանդիսության ընթացքում ընթերցվեց Վեհափառ Հայրապետի երկրորդ կոնդակը, որով Հայ Առաքելական եկեղեցու «Սբ. Ներսես Շնորհալի» շքանշանով ծննդյան 75-ամյակի առթիվ պարգեւատրվեց ՀՀ նախագահի զինվորական գծով խորհրդական եւ զինված ուժերի ռազմական տեսուչ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը իր քաջակորով առաջնորդությամբ հաղթանակով պսակված կարեւոր ու վճռական շատ մարտերի, հատկապես Շուշիի հերոսամարտի, ինչպես նաեւ հայրենիքին մատուցած այլ ծառայությունների համար:
Շնորհավորելով զորահրամանատարներին հայոց բանակի հոբելյանի առիթով` Վեհափառ Հայրապետն ասաց. «Թող Աստված ամուր, զորեղ եւ հաղթական պահի ձեր աջը, աննկուն` ձեր կամքը, միշտ արի ու հաղթական` ձեր հոգին, որպեսզի երբեք չխաթարվի անդորրը մեր կյանքի այս փոքրիկ աշխարհում, որի մեծության տեսիլքը միշտ կրում ենք մեր հոգում, որը մեզ ոգեշնչում է, որը մեզ գոտեպնդում է, որը մեզ մղում է նոր սխրանքների»:
Իր հերթին պաշտպանության նախարարը Ամենայն Հայոց կաթողիկոսին պարգեւատրեց ՀՀ պաշտպանության նախարարության «Զինանշան» հուշամեդալով:
«Վստահ եղեք, որ այսօրվա փառահեղ Պատարագը շատ երկար ժամանակ մեզ կոգեւորի, այս փառահեղ Պատարագը երկար ժամանակ մեզ կստիպի աշխատել շատ ավելի լավ, քան մենք այդ անում էինք: Փառք Աստծո, այսօր մենք ունենք պետություն, փառք Աստծո, այսօր մենք ունենք բանակ, փառք Աստծո, այսօր մենք կարող ենք ճակատներս բաց նայել մեր քույրերին, մեր կանանց, մեր երեխաներին»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: