Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում կնշվի Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 160-ամյակը
Մարտի 3-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում կնշվի ազգային մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 160-րդ տարեդարձը: Մայր Տաճարում Սբ. Պատարագից հետո կկատարվի հոգեհանգստյան արարողություն, ապա Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի կունենա հանդիսություն` ի ոգեկոչումն ազգանվեր բարերարի հիշատակի:
19-րդ դարի վերջին եւ անցյալ դարասկզբին լինելով Անդրկովկասի խոշորագույն նավթարդյունաբերողներից մեկը` Մանթաշյանը եղել է նաեւ հայտնի բարերար, արվեստի եւ դպրության մեծ հովանավոր: Նշանակալի են նրա ծառայություններն իր ժողովրդին ու մասնավորապես Հայ եկեղեցուն: Ալ. Մանթաշյանի միջոցներով արտասահմանի տարբեր կրթօջախներում բարձրագույն ուսում են ստացել բազմաթիվ երիտասարդներ, որոնց թվում եւ Կոմիտաս վարդապետը: Նրա հովանավորությամբ են կառուցվել Փարիզի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի նոր շենքը, վերանորոգվել է Թիֆլիսի Մայր Եկեղեցին: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մնայուն հիշատակ է Վեհարանի շենքը: 1915թ. կառուցված լինելով իբրեւ Ամենայն Հայոց կաթողիկոսության նստավայր, այն նախ դարձել էր Հայոց մեծ եղեռնից մազապուրծ գաղթականների ապաստանավայր, ապա վեր էր ածվել զորանոցի ու հիվանդանոցի: Շենքն իր նպատակին սկսեց ծառայել միայն Վազգեն Ա կաթողիկոսի գահակալության շրջանում` 1962թ.-ից սկսած: