Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում բացվեց Անիի Մայր տաճարի օծման 1000-ամյակին նվիրված գիտաժողովը
Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ տեղի ունեցավ Անիի Մայր տաճարի օծման 1000-ամյակին նվիրված գիտաժողովի հանդիսավոր բացումը: «Անիի 1000-ամյա փառքը» հանդիսությունների շարքում այս գիտաժողովը կազմակերպվել է Ամենայն Հայոց Հայրապետի բարձր հովանավորությամբ եւ Արագածոտնի թեմում Օշականի «Սբ. Մեսրոպ Մաշտոց» դպրատան նախաձեռնությամբ:
Գիտաժողովի բացմանը Նորին Սրբությունն իր օրհնության խոսքում չափազանց կարեւորեց Անիի Մայր տաճարի օծման հոբելյանական հանդիսությունների նշանակությունը եւ մասնավորապես նշեց. «Անհրաժեշտ է դրսեւորել վճռականություն` միջազգային հանրության ուշադրությունը բեւեռելու համաշխարհային մշակույթի գանձարանը հարստացնող ճարտարապետական հոյակերտ կոթողի վրա` հասնելու նրա ամբողջական վերակառուցմանը, պահպանությանը եւ սերունդներին ժառանգություն թողնելուն»:
Ողջույնի խոսք ասացին նաեւ Տ. Շահե արք. Աճեմյանը եւ Հայաստանում ՅուՆԵՍԿՕ-ի գործերով գլխավոր քարտուղար Համբարձում Մինասյանը: Ապա Անիին ու նրա ճարտարապետական կոթողներին նվիրված բանախոսություններով հանդես եկան Տ. Մեսրոպ արք. Աշճյանը, ֆրանսահայ Կլոդ Արմեն Մութաֆյանը, ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը:
Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչեւ սեպտեմբերի 24-ը Օշականի «Սբ. Մեսրոպ Մաշտոց» դպրատանը եւ ՀՀ ԳԱԱ-ում: Այս ընթացքում կլսվեն Հայաստանի եւ սփյուռքի բազմաթիվ մտավորականների ավելի քան երեք տասնյակ բանախոսություններ: