Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Ս. Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն
Փետրվարի 23-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին մեծ շուքով նշեց Ս. Վարդանանց զորավարների պանծալի տոնը:
Հոգենորոգ այս օրվա կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Ս. Վարդանանց քաջամարտիկ զորավարների և 1036 վկաների տոնին նվիրված ավանդական դարձած հանդիսությունը, որը կազմակերպվել էր Գևորգյան հոգևոր ճեմարանի, Երևանի պետական համալսարանի և Պետական Կառավարման ակադեմիայի ուսանողների համատեղ ջանքերով:
Հանդիսությունն սկսվեց միասնական Տերունական աղոթքով, կատարվեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը:
Բացման խոսք ասաց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: «Վարդանանց քաջամարտիկ զորավարների և զորքերի հիշատակն ամեն տարի համախմբում է ամենքիս Գևորգյան ճեմարանի հարկից ներս` կարևորելու մերազնյա պատմության հանգրվանային և ինչու չէ նաև շրջադարձային մի իրողություն, որ հավետ փոխեց հայի կյանքը` հոմանիշ դարձնելով հայ և քրիստոնյա հասկացությունները:
Ավարայրի հերոսական դեպքերից շուրջ կես դար առաջ հայոց գրի ստեղծումն արդեն իսկ ցույց էր տվել մեր ժողովրդի ցանկությունը` Քրիստոսի Կենարար խոսքին առնչվել իր մայրենի լեզվով: Իսկ ահա Վարդանանք այդ ազնիվ ցանկությունը վերածեցին անկոտրում կամքի, որ պիտի դարեր ի վեր ուղեկցեր մեզ պատմության և՛ բարօր, և՛ դժնդակ հոլովույթներում», - ասաց Հայր Գարեգինը:
«…Օրեր առաջ տոնախմբեցինք Ղևոնդյանց քահանայից հիշատակությունը, որով մեկ անգամ ևս ընգծվեց մեր Մայր Եկեղեցու հոգևորականության` իր ազգին ծառայելու աստվածադիր առաքելության կարևորությունը: Այսօր տոնախմբությունն ամբողջանում է` Վասն հաւատոյ և վասն հայրենեաց ընկած զորքերի հիշատակով, որով համայն մի ազգ իր ով լինելը դարձնում է մաշկի գույն և ում համար Արցախի գոյամարտը, անցյալ ապրիլը և այստեղ ներկա զինվորներն այդ հավատքի անսասանության և հայրենիքի ապահովության հավաքական իրողություն է դառնում», - հավելեց Գևորգյան ճեմարանի տեսուչը:
Նա նաև շնորհավորեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին` իր անվանակոչության օրվա առթիվ` ընդգծելով. «Հետանկախության այս 25 տարիներին Նորին Սրբությունն իր ծառայական առաքելության մեջ օրինակ է դարձել ամենքիս այն ճշմարտության, որ քո անձը գտնելու լավագույն ձևն այն կորցնելն է ուրիշներին ծառայություն բերելու մեջ: Թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում օրեցօր վերընձյուղվող ամեն մի եկեղեցի, ամեն մի դպրոց կամ խնամքի կենտրոն, ցուցանում է Վարդանանց անբեկանելի կամքն ու սրբագործված նվիրումը Հայոց Հօր անձի մեջ»:
Հանդիսության մասնակիցներին ողջունեց նաև ԵՊՀ ռեկտոր, պ.գ.դ., պրոֆեսոր Արամ Սիմոնյանը: Շնորհավորելով ամենքին Ս. Վարդանանց պայծառ տոնի առթիվ` նա նաև իր սրտի խոսքն ասաց Նորին Սրբության անվանակոչության կապակցությամբ և Հայոց Հովվապետին մաղթեց քաջառողջություն և երկար տարիների կյանք իր աստվածահաճո և հայրենանպատակ գործում` ի շահ հավատավոր հայ ժողովրդի:
Խոսելով տոնի կարևորության մասին` ԵՊՀ ռեկտորը հավելեց. «Վարդանանց պատերազմում ընկած 1036 քաջորդիներն իրենց զոհողությամբ մեկ անգամ ևս եկան հաստատելու, որ հայ ժողովուրդն իրավունք ունի ապրելու ազատ, անկախ կյանքով, որ այս ժողովուրդն իրավունք ունի գոյատևելու, որ իրավունք ունի նայելու դեպի պայծառ ապագան և վստահորեն քայլելու դեպի այդ ապագան: Նորօրյա մեր ազատագրական պայքարը նույնպես դրա վառ ապացույցն է:
Ցավոք սրտի, այդ ազատագրական պայքրում ևս տալիս ենք զոհեր: ԵՊՀ ուսանողությունը, ցավոք, զերծ չէ այդ զոհողություններից: Այսօր էլ մեր սաները բացում են այն անվանակոչված լսարանների դռները և մտնում ներս, որոնք կրում են մեր այդ զոհերի, զոհված ուսանողների անունները: Բայց միևնույն ժամանակ միջանցքներում և այդ լսարաններում հպարտ քայլում են մեր նորօրյա հերոսները, որոնք պատվով են պսակել իրենց գլուխը ղարաբաղյան այս վերջին քառօրյա պատերազմում և նրանցից՝ այդ հերոսներից, մի քանիսն այսօր շարունակում են իրենց ուսումը մեր հաստատությունում: Մենք երկյուղած վերաբերմունք ունենք մեր այդ զոհերի հիշատակի հանդեպ և հպարտանում ենք մեր այն հերոսներով, որոնք կանգուն մնացին սահմանի վրա և չթողեցին ոսոխին ոտնակոխելու հայրենի հողը»:
Ս. Վարդանանց հաղթանակած օրվա խորհրդին նվիրված հոգևոր ու հայրենասիրական երգերով, ասմունքով ելույթ ունեցան Գևորգյան հոգևոր ճեմարանի, Երևանի պետական համալսարանի և Պետական Կառավարման ակադեմիայի ուսանողները:
Ապա բանախոսություն կարդաց ԵՊՀ դասախոս պ.գ.թ. Ալբերտ Ստեփանյանը:
Հանդիսությունը եզրափակվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության հայրապետական խոսքով:
Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց գեղեցիկ և խորհրդանշական այս ավանդույթի հաստատման գործում ներդրում ունեցած բոլոր անձանց և ամենամյա հանդիսության կազմակերպիչներին, ապա անդրադարձավ տոնի խորհրդին:
«Սուրբ Վարդանանց խորհրդին ընծայված կարևորությունը ունի պատմական խոր արմատներ: Այն ուղղակիորեն կապված է մեր ժողովրդի կողմից ազգային իր ինքնության նկատմամբ դրսևորած վերաբերմունքի հետ: Վարդանանց խորհրդի կարևորությունը պայմանավորված է մեր ժողովրդի՝ ազատության նկատմամբ անսահման նվիրման և Աստծու հանդեպ հավատարմության արտահայտման իր պայծառ դրսևորումով:
…Մեր ժողովուրդը Վարդանանց պատերազմին երբեք չի վերաբերվել որպես անցյալում տեղի ունեցած մի իրադարձության: Վարդանանց ոգին բոլոր ժամանակներում գերիշխող է եղել հայության կյանքում, երբ հատկապես վտանգված է եղել մեր ինքնությունը, մեր հավատքը, մեր հայրենիքը, մեկ խոսքով՝ մեր սրբությունները: Վարդանանց ոգին դրսևորված տեսանք Սարդարապատի ճակատամարտում, Արցախյան պատերազմի տարիներին, ինչպես նաև ապրիլյան պատերազմի օրերին:
Հայ մարդը երբեք չի վարանել իր ազատության, իր ինքնության, հավատքի, հայրենիքի, ընտանիքի ու Աստծո համար վճարել սեփական արյամբ: Մահվան տագնապը երբեք խոչընդոտ չի եղել հայոց համար Աստծու նկատմամբ իրենց սերը արտահայտելու ճանապարհին», - ասաց Հայոց Հայրապետը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ Հայրենիքում և Սփյուռքում առկա մարտահրավերների ու խնդիրների հաղթահարման գործում անհրաժեշտ է Վարդանանց ոգին, քաջալերությունը՝ միությունն ամրապնդելու, հավատքը զորացնելու, Հայրենիքը պաշտպանելու վտանգներից, ամուր և հաստատուն պահելու հայ ընտանիքը և անաղարտ՝ հայոց լեզուն:
«Ավարայրը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտություն կա պայքարելու մեր սրբազան արժեքների պահպանության համար», - հավելեց Նորին Սրբությունը` հորդորելով նախանձախնդիր ու եռանդուն ջանքեր գործադրել` ի փառս հայոց ազգի առաքելության ու ծառայության մեջ հաջողություններ արձանագրելու համար:
Վերստին շնորհավորելով ներկաներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Երկնավոր Տերը Ս. Վարդանանց բարեխոսությամբ խաղաղություն պարգևի ողջ աշխարհին և ամենքին պահպանի Իր Ամենախնամ Աջի հովանու ներքո:
Արարողությունն ամփոփվեց Հայրապետական «Պահպանիչ» աղոթքով:
Ս. Վարդանանց նվիրված ցերեկույթին ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, Երուսաղեմի Ս. Հակոբյանց միաբանության անդամ Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության միաբաններ Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և Պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, հայաստանյան թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, տարբեր կրթական հաստատությունների սաներ և զինվորականներ: