Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ ծայրագույն վարդապետության աստիճանի պաշտպանություն
Փետրվարի 19-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ծայրագույն վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն:
Ծայրագույն վարդապետության աստիճանի համար «Նորկտակարանյան և պարականոն գրականության և ջատագով հայրերի մեկնողական սկզբունքների ծագման տեսական հիմքերը (սկզբնաղբյուրների պատմա-աստվածաբանական վերլուծությունը)» թեմայով թեզ պաշտպանեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը:
Պաշտպանությունն սկսվեց միասնական Տերունական աղոթքով, ապա խոսքով հանդես եկավ ծայրագույն վարդապետական թեզերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Եզնիկ Սրբազանը ներկայացրեց գիտական աշխատանքի վերաբերյալ հանձնաժողովի կարծիքը:
Աշխատության վերաբերյալ իրենց դիտարկումները կատարեցին նաև հանձնաժողովի անդամներ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը և Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Իր հերթին Հայր Շահեն, կատարած օգտակար դիտարկումների համար շնորհակալություն հայտնելով հանձնաժողովի անդամներին, անդրադարձավ աշխատության նպատակին և բովանդակությանը, պատասխանեց ներկաների հարցերին:
Հավարտ բանավոր պաշտպանության, հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց թեզի պաշտպանությանը և արժանի համարեց Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանին ներկայացնելու ծայրագույն վարդապետության աստիճանի տվչության:
Առաջիկայում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, Հայր Սուրբը Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տվչության հատուկ արարողությամբ կստանա ծայրագույն վարդապետության աստիճան: