Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով
Հունիսի 9-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց ներկա ժողովականներին՝ շնորհավորելով խորհրդի նորընտիր անդամներին և մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք ԳՀԽ կազմում։ Նորին Սրբությունն ընդգծեց այն կարևոր ծառայությունը, որ ԳՀԽ անդամների կողմից մատուցվում է Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և հոգևոր առաքելության առավել արդյունավորման համար:
Ժողովի նիստերն ատենապետեց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության նախագահ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը։
Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադարձ կատարեց հունիսի 6-8-ը Մայր Աթոռում տեղի ունեցած Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի 6-րդ գումարման աշխատանքներին՝ գոհունակություն հայտնելով արձանագրված արդյունքների առնչությամբ: Մասնավոր գնահատանքով արձանագրվեց, որ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովում դրական ընդունելության արժանացավ Ազգային-Եկեղեցական ժողովի կանոնադրության փոփոխությունների նախագիծը, որը պիտի նպաստի Եկեղեցու կանոնական կյանքի ամրապնդմանը:
Գերագույն հոգևոր խորհրդի օրակարգում քննարկման նյութ դարձավ Ազգային-Եկեղեցական ժողովի գումարման և օրակարգի ձևավորման հարցը։ Արձանագրելով Ազգային-Եկեղեցական ժողովի կարևոր դերակատարությունը եկեղեցական և ազգային կյանքում առկա մարտահրավերների հաղթահարման գործում` որոշվեց ստեղծել ժողովի նախապատրաստման հանձնախումբ:
Նիստի ընթացքում արծարծվեց նաև Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի ժամանակ ներկայացված` Հայաստանում ծնելիության իրավիճակի վերաբերյալ զեկույցը: Հիմք ընդունելով նյութի շուրջ ծավալված քննարկումները և արտահայտված մտահոգությունները` Գերագույն հոգևոր խորհուրդը ձևավորեց հանձնախումբ` խնդրի առնչությամբ հովվական-քարոզչական անհրաժեշտ ծրագրեր կազմելու և Հայաստանում ծնելիության աճի խթանմանն ուղղված այլ միջոցառումներ ձեռնարկելու համար:
Առանձին հանձնախումբ ձևվորվեց նաև Սարդարապատի ճակատամարտի և Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման 100-րդ տարեդարձի առիթով Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից իրականացվելիք միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։
ԳՀԽ նիստն ավարտվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով։