Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Տեառնընդառաջի տոնախմբությունը
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է 40-օրյա մանուկ Հիսուսի` տաճարին ընծայման տոնը: Տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան:
Այս առիթով հանդիսավոր թափորով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իջավ Մայր Տաճար, որտեղ Վեհափառ Հայրապետը հանդիսապետեց Երեկոյան ժամերգությունը:
Ժամերգության ավարտին կատարվեց նախատոնակ, ապա նաև տեղի ունեցավ տարվա առաջին Անդաստանի կարգը, որով օրհնվեցին աշխարհի չորս կողմերը` Հայրենիքն ու Ամենայն Հայոց Հայրապետությունը, բնակավայրերն ու նրանց բնակիչները, վանքերն ու եկեղեցիները և տարվա պտղաբերությունը:
Վերջում «Քրիստոս փառաց» տաղի ներքո Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի կանթեղից վառված մոմով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Քրիստոսին խորհրդանշող լույսը փոխանցեց բարեպաշտ ժողովրդին:
Այնուհետև եկեղեցականների թափորն ուղղվեց դեպի միաբանական շենքի շրջաբակ, ուր, ներկայությամբ բազում ուխտավոր հայորդիների, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ վառվեց Տեառնընդառաջի խարույկը: Տոնի առիթով Նորին Սրբությունը խաչեր ընծայեց ներկա մանուկներին:
Խարույկի շուրջ Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները հանդես եկան ազգային երգերի կատարումներով: