Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարվեց հոգեհանգիստ
Կիրակի, սեպտեմբերի 5-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ վրդ. Նալբանդյանը:
Հավարտ Ս. Պատարագի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան մասնավոր արարողություն Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքում ահաբեկչության հետեւանքով զոհված հարյուրավոր անմեղ մանկանց ու մեծահասակների հոգիների հանգստության համար:
Կատարված ոճրագործության առիթով Նորին Սրբությունը հանուն Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու ցավակցական գրեր է հղել ՌԴ նախագահ Վլ. Պուտինին, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Բ-ին եւ Հյուսիսային Օսեթիայի նախագահ Ա. Ձասոխովին: