Մայր Աթոռ Ս. Էջմիածին է ժամանել Ֆինլադիայի Ավետարանական Լյութերական Եկեղեցու պաշտոնական պատվիրակությունը

Մայր Աթոռ Ս. Էջմիածին է ժամանել Ֆինլադիայի Ավետարանական Լյութերական Եկեղեցու պաշտոնական պատվիրակությունը 17.08.2002

Օգոստոսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Ս. Էջմիածին ժամանեց Ֆինլադիայի Ավետարանական Լյութերական Եկեղեցու պաշտոնական պատվիրակությունը` գլխավորությամբ Ֆինլանդիայի եւ Տուրկուի արքեպիսկոպոս Ջուկա Պաարմայի:

Առավոտյան ժամը 10.00-ին Ս. Տրդատի կամարի մոտ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմավորեց Ֆինլանդիայի եւ Տուրկուի արքեպիսկոպոս Ջուկա Պաարմային եւ պատվիրակության անդամներին: Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո եկեղեցական թափորը շարժվեց Մայր Տաճար, ուր բարիգալստյան արարողություն կատարվեց:

Իջման Սուրբ Սեղանի առջեւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանուն թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռի միաբանության եւ հավատավոր հայ ժողովրդի բարի գալուստ մաղթեց Ֆինլադիայի Ավետարանական Լյութերական Եկեղեցու արքեպիսկոպոսին եւ նրա գլխավորած շքախմբի անդամներին, ինչպես նաեւ ողջունեց ներկայությունը երկու երկրներում պաշտոնավարող դեսպանների:

Հավարտ արարողության եկեղեցական թափորն ուղղվեց դեպի Վեհարան, ուր Վեհափառ Հայրապետը Ֆինլանդիայի Ավետարանական Լյութերական Եկեղեցու պատվիրակությանը ներկայացրեց Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներին, Մայր Աթոռի միաբան բարձրաստիճան հոգեւորականներին եւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին: Ի պատասխան դոկտոր Ջուկա Պաարման հակիրճ ծանոթացրեց Ֆինլանդիայի Ավետարանական Լյութերական եկեղեցու պատմությանը, ինչպես նաեւ իր պատվիրակության անդամներին:

Պատվիրակության եռօրյա այցի ժամանակացույցը ներառում է այցելություններ Խոր Վիրապի վանք, Ամբերդ, Սեւանի Վազգենյան Հոգեւոր դպրանոց, Ծիծեռնակաբերդ, Գեղարդի վանք, Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի:

Պատվիրակությունը` գլխավորությամբ Ֆինլանդիայի եւ Տուրկուի արքեպիսկոպոսի կմասնակցի նաեւ Ս. Աստվածածնի Վերափոխման տոնին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվող Ս. Պատարագին եւ խաղողօրհնեքի սրբազան արարողությանը:

Օգոստոս 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Ֆինլանդիայի եւ Տուրկուի արքեպիսկոպոս Ջուկա Պաարման կայցելեն ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաեւ` ՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին:

Պատվիրակությունը Հայաստանից կմեկնի օգոստոս 20-ի առավոտյան: