Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պետ Շենուդա Երրորդն այցելեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածին
Մայիսի 2-ին եռօրյա այցով Մայր Աթոռ Սբ. Էջմիածին ժամանեց Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պետ, Ալեքսանդրիայի Պապ եւ Սբ. Մարկոսի Աթոռի Պատրիարք Շենուդա Գ-ն:
«Զվարթնոց» օդանավակայանում Ղպտի եկեղեցու գահակալին եւ նրա ուղեկից շքախմբին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ դիմավորեցին Ուկրաինայի թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արք. Բունիաթյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը եւ Մայր Աթոռի վարչակազմակերպական գործերի կառավարիչ Տ. Փառեն եպս. Ավետիքյանը: Նորին Սրբություն Շենուդա Պատրիարքի շքախմբում են Ղպտի Եկեղեցու Սբ. Սինոդի գլխավոր քարտուղար, միտրոպոլիտ Անբա Բիշոյը եւ Ղպտի Եկեղեցու Անգլիայի թեմի առաջնորդ Անգելոս եպիսկոպոսը:
Հետմիջօրեին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տեղի ունեցավ բարիգալստյան արարողություն: Քույր եկեղեցիների հովվապետերը հանդիսավոր թափորով եւ «Հրաշափառի» երգեցողության ներքո մուտք գործեցին Մայր Տաճար: Իջման Սբ. Սեղանի առջեւ երկու հայրապետներն աղոթք բարձրացրին առ Աստված եւ ողջույնի խոսքեր փոխանակեցին: «Մեր հայրերը 2000 տարիներ շարունակ պահել են իրենց հավատարմությունն առ Աստված: Նախախնամության կամքով շուրջ 1500 տարիներ մենք քայլել ենք պատմության միջով որպես նույնադավան եկեղեցիներ եւ մեր հավատարմությունն առատորեն վարձատրվել է Աստծո կողմից: ... Մենք ուզում ենք արտահայտել մեր եղբայրական սերը Ձերդ Սրբության, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու եւ նրա բարեպաշտ ժողովրդի նկատմամբ, նաեւ մեր պատրաստակամությունը միասնաբար քայլելու մեր նվիրական առաքելության դժվարին ճանապարհներով, որպեսզի հաղթանակները մշտապես ուրախություն պարգեւեն մեր ժողովրդներին եւ զորացնեն նրանց իրենց սուրբ հավատքի մեջ», -ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:
«Մենք աղոթում ենք, որ բոլորս մեկ լինենք, աշխատենք եւ գործենք միասին, վկայենք երկնքի արքայության եւ մեր լույս հավատքի մասին»,- նշեց Նորին Սրբություն Շենուդա Գ Պատրիարքն իր խոսքում:
Բարիգալստյան արարողությունից հետո երկու հայրապետները եկեղեցական թափորի ուղեկցությամբ շարժվեցին դեպի Վեհարան: