Ղպտի Ուղղափառ Եկեղեցու ուխտավորներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Սեպտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ղպտի ուխտավորների` գլխավորությամբ Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավային շրջանի թեմի առաջնորդ Յուսեֆ եպիսկոպոսի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուրախությունը հայտնեց Քույր Եկեղեցու հետևորդների Հայաստան կատարած ուխտագնացության առիթով` ընդգծելով, որ այն հնարավորություն կընձեռի նրանց հաղորդակցվելու Հայոց Եկեղեցու հոգևոր ու մշակութային հարուստ ժառանգությանը:
Նորին Սրբությունն անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական և Ղպտի Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ և բարեկամական հարաբերություններին` այս կապակցությամբ ջերմությամբ վերհիշելով իր այցը Եգիպտոս և Ղպտի Եկեղեցու հովվապետերի այցերը Մայր Աթոռ Ս. Էջմիածին:
Վեհափառ Հայրապետը նաև խոսեց ղպտի ժողովրդի զորեղ հավատքի և Քրիստոսի հանդեպ ունեցած սիրո մասին` անդրադառնալով այսօր Եգիպտոսում նրա առջև ծառացած դժվարություններին և մարտահրավերներին, երբ շարունակում են հավատքի համար նահատակվել հավատակից ժողովրդի բարեպաշտ զավակներ: Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետը Հայոց Եկեղեցու զորակցությունը հայտնեց Քույր Եկեղեցու հովվապետին, հոգևոր դասին և հավատացելոց` նշելով, որ նրանք մշտապես իր աղոթքներում են:
Իր հերթին Յուսեֆ եպիսկոպոսը խորին շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ջերմ ընդունելության և հայրապետական օրհնությանն արժանացնելու համար` ընդգծելով, որ ուխտավորներն առաջին անգամ են այցելում Հայաստան` այն օրհնյալ երկիրը, ուր ապրել և քարոզել է Ս. Գրիգոր Լուսավորիչը, ով նաև Ղպտի Եկեղեցու կողմից է հիշատակվում: Սրբազանն Ամենայն Հայոց Հայրապետին փոխանցեց Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պետ, Ալեքսանդրիայի Պապ և Համայն Աֆրիկայի Պատրիարք Նորին Սրբություն Թավադրոս Բ-ի եղբայրական ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները, նաև տեղեկացրեց ԱՄՆ-ում Քույր Եկեղեցիների թեմերի միջև ձևավորված սերտ կապերի և գործակցության մասին:
Հանդիպման վերջում Նորին Սրբությունը հայցեց Ամենակալ Աստծու առատ օրհնություններն ու ողորմությունը Ղպտի Եկեղեցու և նրա հավատացյալների համար, որ ապրեն խաղաղ կանքով, և Աստծո Ամենազոր Աջը մշտապես հովանի ու պահապան լինի նրանց: