Ձեռնադրություն Նյու Յորքի Սուրբ Վարդան Մայր տաճարում

Ձեռնադրություն Նյու Յորքի Սուրբ Վարդան Մայր տաճարում 30.04.2004

Ապրիլի 24-ին և 25-ին Արեն սարկավագ Ճէպէճյանը ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Ձեռնադրությունը տեղի է ունեցել Նյու Յորքի Սուրբ Վարդան Մայր տաճարում, ձեռամբ Ամերիկայի հայկական եկեղեցու (Արևելյան) թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի։

Երեքշաբթի՝ ապրիլի 27-ին, արժանապատիվ Տեր Արեն քահանա Ճէպէճյանը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` վեղարի տվչության արարողությանը մասնակցելու համար և սկսելու քառասնօրյա պահեցողությունը` նախապատրաստվելով իր անդրանիկ Սուրբ Պատարագի մատուցմանը:

Երեկոյան ժամերգության ժամանակ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը հանդիսապետեց Տեր Արենի՝ Հիսուս Քրիստոսին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ուսմունքներին, կանոններին ու ավանդույթներին և հավատարիմ մնալու երդման արարողությունը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մայր Աթոռ Էջմիածնի Մայր Տաճարի խորանի առջև այս երդումն արտասանելով և ստորագրելով՝ Տեր Արենը դարձավ Սուրբ Էջմիածնի միաբանության նորագույն անդամ։

Հայր Արենի համալրմամբ Սուրբ Էջմիածնի եղբայրությունը ներկայումս բաղկացած է 49 եպիսկոպոսներից, 83 կուսակրոն քահանաներից (վարդապետներ և աբեղաներ) և 54 սարկավագներից, ովքեր իրենց հոգևոր ծառայությունն են մատուցում աշխարհասփյուռ Հայ Եկեղեցու թեմերում։ Արեն քահանա Ճէպէճյանն իր առաջին Սուրբ Պատարագից հետո կվերադառնա Արևելյան թեմ՝ շարունակելու ծառայությունը Միացյալ Նահանգների հովանու ներքո։