Ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծվեց Մարմարաշենի նորակառույց Ս. Գեւորգ եկեղեցին

Ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծվեց Մարմարաշենի նորակառույց Ս. Գեւորգ եկեղեցին 05.11.2002

Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արարատի մարզի Մարմարաշեն գյուղ` կատարելու նորակառույց Ս. Գեւորգ եկեղեցու բացումն ու օծումը:

Վեհափառին ուղեկցող շքախմբին, որի մեջ էին բարձրաստիճան եկեղեցականներ եւ Մայր Աթոռի միաբաններ, եկեղեցու մուտքի մոտ դիմավորեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը, թեմի հոգեւոր դասը, թեմական խորհրդի անդամները, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, այլեւ հավատացյալների խուռներամ բազմությունը:

Հանդիսավոր թափորը «Հրաշափառով» մուտք գործեց եկեղեցի, ուր Նավասարդ Սրբազանի ողջույնի եւ բարիգալստյան խոսքից հետո, Ամենայն Հայոց Հայրապետը, իբրեւ ընթերականեր ունենալով Տ. Շահան արք. Սվաճյանին եւ Տ. Նավասարդ եպս. Կճոյանին, Սրբալույս Մյուռոնով օծեց նորակառույց եկեղեցու Սուրբ Սեղանը, իսկ սյուներն ու Մկրտության Ս. Ավազանը օծեցին ընթերակա Սրբազանները:

Օծման արարողությունից հետո Նորին Սրբությունը Հայրապետական սրբատառ Կոնդակով եկեղեցու բարերար, մոսկվաբնակ Սերգեյ Ղազարյանին շնորհեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն պարգեւը` Ս. Գրիգոր Լուսավորիչ շքանշան: Ապա Վեհափառ Հայրապետն իր շնորհավորանքի խոսքը եւ հայրապետական պատգամը հղեց ներկա հյուրերին եւ եկեղեցում հավաքված մեծաթիվ հավատացյալներին` բարձր գնահատանքի արժանացնելով Տ. Նավասարդ եպս. Կճոյանին, բարերարին եւ եկեղեցու կառուցմանը նպաստած բոլոր անձանց: «Մենք հավատում ենք, որ հավատքով կառուցված այս եկեղեցու սրբազան խորանից պիտի օրհնություն եւ լույս սփռվի Մարմարաշեն գյուղի մեր հավատացելոց կյանքից եւ օջախներից ներս», - նշեց Հայոց Հայրապետն իր խոսքում:

Ի նշան օրհնության, Նորին Սրբությունը նորաօծ եկեղեցուն նվիրեց Ս. Հաղորդության սկիհ: