Ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օծվեց Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի նորակառույց Սրբոց Նահատակաց եկեղեցին
Հուլիսի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սբ. եկեղեցու Կոտայքի թեմում ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ընթերակա եպիսկոպոսների օծվեց Թեղենիք գյուղի նորակառույց Սրբոց Նահատակաց եկեղեցին:
Եկեղեցին կառուցվել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան Տ. Ներսես Արք. Պոզապալյանի եւ Պոզապալյան ընտանիքի հովանավորությամբ ու ջանքերով եւ շվեյցարաբնակ բարերարներ տեր եւ տիկին Հակոբ Գաբրիելյանների աջակցությամբ: Եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր երեք տարի առաջ` ձեռամբ Ներսես Սրբազանի:
Օծման արարողությանը մասնակցում էին Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպս. Քարամյանը, Տ. Հուսիկ արք. Սանթուրյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Դերենիկ վրդ. Դավթյանը, Մայր Աթոռի միաբաններ, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:
Մինչ եկեղեցու օծման արարողությունը Տ. Ներսես Արք. Պոզապալյանը բարիգալստյան խոսք ուղղեց Նորին Սրբությանը եւ մասնակից բոլոր հյուրերին: Սրբազան Հայրը մասնավորապես ասաց. «Թող Ձեր օծած այս սուրբ սեղանից, սուրբ մկրտարանից եւ այս Սրբոց Նահատակաց եկեղեցուց ծնվեն բազում որդիներ` տեր լինելու համար իրենց Հայրենիքին, իրենց Եկեղեցուն եւ իրենց հայրերի սուրբ հավատքին»: Այնուհետեւ կատարվեց Ս. Սեղանի, սյուների եւ Մկրտության Ս. Ավազանի օծման արարողությունը:
Սրբազան արարողությունից հետո Վեհափառ Հայրապետն իր շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին` նշելով. «Մենք փառք եւ գոհություն ենք առ Աստված բարձրացնում, որ երկար տարիներ հոգեւոր կյանքից, աղոթատներից զուրկ այս տարածաշրջանում ահա մի նոր եկեղեցի է կառուցվում եւ իր դռները բացում հավատացյալ մեր ժողովրդի առջեւ` շնորհիվ գերաշնորհ Տ. Ներսես Արք. Պոզապալյանի ջանքերի ու նվիրումի: Մեր աղոթքն է, որպեսզի մեր ժողովրդի զավակներն ապրեն իրենց կյանքը եկեղեցու կամարների ներքո եւ առաջնորդվեն եկեղեցու սուրբ խորանից բացվող` Քրիստոսի սուրբ Ավետարանի պատգամներով ու պատվիրաններով, մեր հայրերի սրբազան հավատքով, հավատարիմ դարավոր մեր ավանդույթներին ու սովորույթներին, որպեսզի հայոց կյանքում այլեւս երբեք չլինեն նահատակության շրջաններ»:
Ի գնահատումն Սրբազան Հոր գեղեցիկ այդ իրագործման` Նորին Սրբությունը նրան պարգեւատրեց Հայ եկեղեցու բարձրագույն` Սբ. Գրիգոր Լուսավորիչ պատվո շքանշանով, իսկ նորաօծ եկեղեցուն նվիրեց Սբ. Հաղորդության սկիհ:
Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման ավարտին Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպս. Քարամյանը մատուցեց անդրանիկ Սբ. Պատարագը: