Ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծվեց Գյումրիի նորակառույց Ս. Հակոբ եկեղեցին
Օգոստոսի 29-ի վաղ առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Շիրակի մարզ` կատարելու հավատքի մի նոր տան` Գյումրիի Ս. Հակոբ նորակառույց եկեղեցու բացումն ու օծումը:
Երկրաշարժի ծանր աղետից հետո վերստին հառնող քաղաքի նորակառույց Անի թաղամասի այս եկեղեցու հովանավորը ամերիկահայ բարերար Սարգիս Հակոբյանն է եւ իր ընտանիքը, որոնք օծման արարողության համար հատուկ ժամանել էին Հայաստան:
Վեհափառին ուղեկցող շքախմբին, որի մեջ էին թեմակալ առաջնորդներ Մայր Աթոռի միաբաններ, եկեղեցու բարերարի ընտանիքը եւ բազմաթիվ հյուրեր, Գյումրի քաղաքի սահմանագծին դիմավորեցին Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, Շիրակի մարզպետ Ֆ. Փիրումյանը, քաղաքապետ Վ. Ղուկասյանը, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: Եկեղեցու մուտքի մոտ Վեհափառ Հայրապետին միացավ նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջ. Օրդուեյը` տիկնոջ հետ:
Հանդիսավոր թափորը «Հրաշափառով» մուտք գործեց եկեղեցի, ուր Միքայել Սրբազանի ողջույնի խոսքից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իբրեւ ընթերականեր ունենալով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանին եւ Տ. Փառեն եպս Ավետիքյանին, Սրբալույս Մյուռոնով օծեց նորակառույց եկեղեցու Սուրբ Սեղանը, սյուներն ու Մկրտության Ս. Ավազանը:
Սրբազան արարողությունից հետո Վեհափառ Հայրապետն իր շնորհավորանքի խոսքը եւ հայրապետական պատգամը հղեց ներկա հյուրերին եւ եկեղեցում հավաքված մեծաթիվ հավատացյալներին: Հայրապետական բարձր գնահատանքի արժանացան ձեռնարկման մտահաղացողներ եւ իրականացնողներ` Միքայել եպս. Աջապահյանը, Հակոբյան ընտանիքը, շինարարները եւ, ի վերջո, հավատացյալները, մասնահատուկ հիշատակության ու գնահատանքի արժանացավ նաեւ Մայր Աթոռի հանգուցյալ ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը, որի նախագծով երկու տարվա ընթացքում վեր է խոյացել 28 մ բարձրությամբ, մեկ կենտրոնական գմբեթ եւ չորս զանգակատուն ունեցող տուֆակերտ այս հրաշալիքը:
Ի նշան Մայր Աթոռ Ս. Էջմիածնից բերված մնայուն եւ հարանորոգ օրհնության, Նորին Սրբությունը նորաօծ եկեղեցուն նվիրեց Ս. Հաղորդության սկիհ, իսկ ազգային բարերարներ տեր եւ տիկին Հակոբյաններին պարգեւատրեց 1700-ամյակի Պատվո շքանշաններով: Վեհափառի օրհնությունն ու եկեղեցու խորաքանդակն իբրեւ նվեր ստացավ նաեւ Հակոբյանների ընտանիքի թոռնուհին` Անի-Արաքսը, ով պատճառ էր դարձել 6,5 հազար բնակչություն ունեցող Անի թաղամասում եկեղեցու կառուցմանը:
Գոհունակ սրտով առ Աստված աղոթք բարձրացնելով` Գարեգին Բ Հայրապետը հույս հայտնեց, որ հետայսու Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու այս եւ մյուս հավատքի տները այսօրվա նման լի պետք է լինեն աղոթող հավատացյալներով:
Նորաօծ եւ աղոթաբույր եկեւեցում, իբրեւ Քրիստոսի լույսի խորհրդանիշ, վառվեցին առաջին մոմերն ու ջահերը, մատուցվեց անդրանիկ Ս Պատարագը եւ հավատացյալները Ս. Հակոբի Ավագ խորանի առջեւ առաջին անգամ հաղորդակից դարձան Տիրոջ Մարմնին եւ Արյանը:
Ս. Պատարագից անմիջապես հետո եկեւեցու բակում կատարվեց ժողովրդական տոնախմբություն` մասնակցությամբ քաղաքի մշակութային օջախների սաների: